Նորություններ

Պաշտոնական

Բաց դասեր դպրոցականների համար

11:07 / 07.12.2017

Բնակչության իրազեկվածության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԻՆ-ը Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության միջոցով պարբերաբար իրականացնում է բնակչության տարբեր շերտերի ուսուցման աշխատանքներ՝ այցելելով դպրոցներ, ինչպես նաև հյուրընկալելով աշակերտներին ՀՀ ԱԻ նախարարության հարկի տակ: 1988թ. Սպիտակի երկրաշարժի տարելիցին ընդառաջ, ՀՀ ԱԻՆ աշխատակազմի «ՍՊԾ» գործակալությունը հերթական դասախոսություններ էր կազմակերպել երեխաների և ուսուցիչների համար:

Դեկտեմբերի 5-ին «ՍՊԾ» գործակալության աշխատակիցներն այցելել էին Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոց՝ աշակերտներին և ուսուցչական կազմին ներկայացնելու երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները:

Հաջորդ օրն արդեն ԱԻ նախարարություն էին այցելել Երևանի թիվ 121 և թիվ 155 դպրոցների 8-րդ դասարանի աշակերտները՝ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ: Այցելության ընթացքում ՍՊԾ գործակալության մասնագետները երեխաներին պատմեցին, թե ինչ է երկրաշարժը, ներկայացրեցին երկրաշարժից պաշտպանվելու վարքականոնները, ցույց տվեցին Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JICA) տրամադրած երկրաշարժի դեպքում վաղ ազդարարման համակարգի սարքերը և բացատրեցին դրանց աշխատանքի սկզբունքները:

Անցկացված դասախոսությունների միջոցով պատանի հյուրերը և դպրոցների ուսուցչական կազմը ծանոթացան երկրաշարժի առաջացման պատճառներին, տեսակներին ու դրանց առանձնահատկություններին, Հայաստանում տեղի ունեցող երկրաշարժերի բնույթին և յուրահատկություններին:

Դասախոսությունների առանցքային թեմաներից էին սեյսմապաշտպանության վարքականոնները՝ ինչ պետք է անել երկրաշարժից առաջ, ընթացքում և հետո: Ներկայացվող նյութը մեծ արձագանք գտավ լսարանի կողմից, և երեխաները հնարավորություն ունեցան մասնագետներից ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Երեխաներն ու մանկավարժները հնարավորություն ունեցան նաև լինել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում և ծանոթանալ մարդուն հրատապ օգնության «911» ծառայության գործունեության առանձնահատկություններին:

Այցելության ավարտին կրթօջախների ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին ուսանելի հանդիպման համար և ընդգծեցին նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:

← Վերադառնալ ցուցակին