Նորություններ

Պաշտոնական

Ակտիվանում է տարածաշրջանային համագործակցությունը սեյսմիկ ոլորտում

19:40 / 12.10.2017

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովի շրջանակում Երևան ժամանած սեյսմիկ վտանգի գծով օտարերկրյա փորձագետների պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին՝
• Ռենգին Գոկը, գիտությունների թեկնածու, սեյսմոլոգ, Սեյսմիկ համագործակցության ծրագիր, Լոուրենս Լիվերմուրի ազգային լաբորատորիա, ԱՄՆ
• Թեա Գոդոլաձեն, գիտությունների դոկտոր, Երկրաբանության ինստիտուտ/Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոն, Վրաստան
• Թունա Օնուրը, գիտությունների թեկնածու, սեյսմիկ վտանգի և ռիսկի խորհրդատու, Օնուր Սիման քոնսալթինգ, Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Վիկտորիա քաղաք

ԱՄՆ էներգետիկայի նախարարության աջակցությամբ տարածաշրջանում սեյսմիկ վտանգի գնահատման լայնածավալ ծրագիր է իրականացվում և փորձագետները ցանկություն հայտնեցին ընդլայնել Հայաստանի մասնակցությունն այդ ծրագրին՝ գնահատելով ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի լուրջ հնարավորությունները:

Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվեցին սեյսմիկ պաշտպանության ոլորտում ՀՀ ԱԻՆ ՍՊԾ գործակալության միջազգային համագործակցության ուղղությունները և նախանշվեցին այն աշխատանքները, որոնք կարող են իրականացվել վերոնշյալ տարածաշրջանային ծրագրի շրջանակում:

ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն իր խոսքում ընդգծեց, որ նախարարությունը պատրաստ է ակտիվ համագործակցության և ուրախ կլինի խթանել նաև տարածաշրջանային փոխգործակցությունը՝ օգտակար լինելով իր հարևան երկրներին:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ նախապատրաստել համագործակցության վերաբերյալ հուշագիր, որտեղ հստակ կամրագրվեն փոխգործակցության ոլորտներն ու կողմերի պարտավորությունները:

Նախնական համաձայնությամբ՝ նախատեսվում է ծրագրի շնորհիվ ստեղծել սեյսմիկ կայանների տարածաշրջանային ցանց՝ տվյալների հավաքագրման, փոխանակման և վերլուծությունների համար, մշակել երկրի սեյսմիկ վտանգի ժամանակակից քարտեզ, ինչպես նաև կազմակերպել երիտասարդ գիտնականների (հիմնականում՝ սեյսմոլոգների և ճարտարագետների) վերապատրաստման դասընթացներ:

← Վերադառնալ ցուցակին