Նորություններ

Պաշտոնական

Տեխնածին աղետներին դիմակայելու գործընթացում ԱԻՆ-ը կիրառելու է լավագույն միջազգային փորձը

19:20 / 12.10.2017

Հոկտեմբերի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային ռեսուրս կենտրոնի գործադիր տնօրեն Ջոնաթան Շոուին և Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտի գործադիր տնօրեն Օսամու ՄԻղունոյին, որոնք Հայաստան են ժամանել նախօրեին մեկնարկած «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեխնածին աղետների ռիսկերը նվազեցնելու և դրանց դիմակայելու հարցում համագործակցության հնարավորությունները: Անդրադառնալով ուրբանիզացիայի գործընթացում առաջացած տեխնածին ռիսկերի նվազեցման կարևորությանը՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ ԱԻՆ-ի համար օգտակար և արդյունավետ կլինի վերոնշյալ երկու կազմակերպությունների տեխնիկական և փորձագիտական աջակցությունը քիմիական թափոնների վերացման և պահպանման հարցում:

Կողմերը քննարկեցին նաև ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի (ՃԿՊԱ), Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանային ռեսուրս կենտրոնի և Տեխնոլոգիաների ասիական ինստիտուտի միջև կրթական ոլորտում համագործակցության ուղիները, մասնավորապես՝ ՃԿՊԱ-ի ուսանողների համար վերոնշյալ կենտրոններում դասընթացներ անցնելու և մագիստրոսական աստիճան ստանալու հնարավորությունները:

← Վերադառնալ ցուցակին