Նորություններ
Պաշտոնական
Հրավիրում ենք լուսաբանելու
17:19 / 27.06.2016

Մեկնարկում է Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլը
Հունիսի 28-ին, ժամը 14.00-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում (հասցեն` Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, 9-րդ հարկ) կտրվի «Աջակցություն Հարավային Կովկասի խոցելի համայնքներում և հաստատություններում աղետների ռիսկի նվազեցմանը» ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը ներկա կլինի նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը` աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) ԴԻՊԵԿՈ ծրագրի ներքո և իրականացվում է Հայկական Կարմիր խաչի ընկերության, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԶԾ, ՕՔՍՖԱՄ-ի հայաստանյան գրասենյակի և «Սեյվ դր չիլդրեն» կազմակերպության կողմից:
Հիմնական նպատակն է նվազեցնել աղետավտանգ համայնքների խոցելիությունը և ամրապնդել դրանց դիմակայունությունը բնական և մարդածին աղետների նկատմամբ: Ծրագիրը կիրականացվի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Արմավիրի, Սյունիքի մարզերում և Երևանում՝ որպես առաջնահերթ թիրախ ընտրելով երեխաներին, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց: Այն կոչված է նաև բարելավելու դպրոցների և նախադպրոցական հաստատությունների ԱՌՆ կարողությունները և արդյունքում նվազեցնելու աղետների ռիսկը:
Ծրագրի գործընկերներն են ՀՀ ԱԻ, ԿԳ և ՏԿԶ նախարարությունները, ԱՌՆԱՊ հիմնադրամը, մարզային և համայնքային կառույցներ, կրթական մարմիններ, ինչպես նաև համայնքների դպրոցական երեխաներն ու ընտանիքները:
Սա Հարավային Կովկասում ԴԻՊԵԿՈ ծրագրի 4-րդ փուլն է: 2010 թ. ի վեր զգալի ջանքեր են ներդրվել ներառական, հատուկ դպրոցների ու նախադպրոցական հաստատությունների, ինչպես նաև երեխաների խնամքի կենտրոնների խոցելիության նվազեցման գործում: Աջակցություն է տրամադրվել թիրախային համայքներին՝ բարձրացնելու նրանց դիմակայունությունը, մարդկային կյանքեր ու կենսապահովման միջոցները փրկելու կարողությունները, ինչպես նաև մեղմելու աղետների և կլիմայի փոփոխության ազդեցությունները: Համայնքային դպրոցներում իրականացվել են տարհանման, հրշեջ պաշտպանության, ԱՌՆ այլ դասընթացներ և ուսուցողական միջոցառումներ: