Նորություններ
Պաշտոնական
Աղետակայուն դպրոցները՝ դիմակայունության ազգային ծրագրի հիմք
16:37 / 24.06.2016

Հունիսի 24-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացավ «Դպրոցների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանը» թեմայով սեմինար: Այն կազմակերպել էին ՀՀ ԱԻ և ԿԳ նախարարությունները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, ԱՌՆ ազգային պլատֆորմը (ԱՌՆԱՊ) և Վորլդ Վիժն Հայաստանը: Սեմինարին, որը վարում էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը, մասնակցում էին ՀՀ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության և ՀՀ մարզպետարանների կրթության պատասխանատուները, Տարածքային զարգացման հիմնադրամի ու ԱՌՆ գործընկերների ներկայացուցիչները:
«Դպրոցների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի» հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի դպրոցներին և նախադպրոցական հաստատություններին՝ մշակելու, իրականացնելու, գնահատելու և վերանայելու աղետներին պաստրաստվածության ու արձագանքման ծրագրերը:
ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը, ԱԻ նախարարի և նախարարության անունից ողջունելով ներկաներին, ասաց, որ այս պլանի քննարկումն ԱԻ նախարարության համար մեծ նշանակություն ունի, քանի որ դա ողջ երկրի և ազգի համար այնքան կարևոր է, որքան հիմնաքարը կայուն շենքի համար:
- Սենդայի գործողությունների ծրագրի (ՍԳԾ) շրջանակներում մենք արդեն սկսում ենք ԱՌԿ ազգային ռազմավարության մշակումը: Մշակվելու է ազգային դիմակայունության ծրագիր, և արդեն պատրաստվում են փաստաթղթեր դեկտեմբերի 7-ը, որը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է, հիշատակի և պատրաստվածության օր հռչակելու համար: Այս օրը մենք, սկսած ՀՀ նախագահի աշխատակազմից, մինչև ամենահեռավոր համայնքի մանկապարտեզի երեխան, պետք է մասնակցենք երկրաշարժի և դրա երկրորդային հետևանքների սցենարով համապետական խաղ-վարժանքին:
Ն. Գրիգորյանը հավելեց, որ սցենարներն արդեն մշակվում են, և ոլորտի մասնագետները շուտով կստանան համապատասխան հանձնարարականներ՝ համայնքային դպրոցներում և այլ հաստատություններում իրականացվող ուսումնավարժանքների կազմակերպման վերաբերյալ:
- Մինչև վարժանքը մենք կիրականացնենք հանրային լրարշավ, որպեսզի ներգրավենք բոլորին: «Դպրոցների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի» կարևորությունը նրանում է, որ մենք այն համարվում ենք ազգային դիմակայունության ծրագրի հիմքը, - եզրափակեց Ն. Գրիգորյանը:
ՀՀ ԿԳՆ զարգացման և մոնիտորինգի վարչության պետ Ռ. Ստեփանյանը նշեց, որ ԿԳ և ԱԻ նախարարություններն ու գործընկեր կազմակերպությունները մի քանի տարի համատեղ աշխատել են այս ծրագրի վրա և արդեն հասել են ծրագրի կյանքի կոչման եզրափակիչ փուլին:
- Մեր նախարարությունը մեծ ներգրավվածություն ունի ԱՌՆ բնագավառում, և մենք ձևավորել ենք ընդգրկուն համագործակցային մշակույթ: Կցանկանայինք դա տեսնել նաև դպրոցական մակարդակում,- ասաց Ռ. Ստեփանյանը:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեիտենն ընդգծեց, որ Հայաստանն ԱՌՆ ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել, որն արդյունքն է ներգրավված կազմակերպությունների ակտիվ համագործակցության:
- Ես կցանակայի, որ այս առաջընթացը լիներ տևական, կուզենայի տեսնել հենց երեխաների ավելի մեծ ներգրավվածություն, քանի որ նրանք իրենց մտքերով ու գաղափարներով ևս մեծ ներդրում կարող են ունենալ այս ոլորտի զարգացման գործում: ՅՈՒՆԻՍԵՖ-ը միշտ քարոզել է, որ ԱՌՆ-ը դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, իսկ այդ մշակույթը պետք է ձևավորվի մանկապարտեզներից սկսած, - հավելեց Լիվ Էլին Ինդրեիտենը:
ՄԱԾԶ ԱՌՆ ծրագրի համակարգող Ա. Չիլինգարյանը համառոտ ներակայացրեց ՀՀ ԱՌՆ ազգային ռազմավարությունը, իսկ Ռ. Ստեփանյանը ՀՀ կրթության զարգացման 2016-2025 թթ. պետական ծրագիրը: ՀՀ ԱԻՆ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հ. Եմիշյանը մասնակիցներին ներկայացրեց «Ուսումնական հաստատություններում ԱՌՆ և արտակարգ իրավիճակներում գործելու պլանի» մշակման մեթոդների ուղեցույցը, որի շուրջ ծավալվեց աշխատանքային քննարկում: