Նորություններ

Պաշտոնական

Դիլիջանում կիրականացվի պիլոտային ծրագիր

15:40 / 11.04.2016

Ապրիլի 11-ին ՀՀ ԱԻ նախարարություն էին այցելել Ասիական զարգացման բանկի, Ասիական տեխնոլոգիաների ինստիտուտի, ինչպես նաև RESTEC ճապոնական ընկերության ներկայացուցիչները:

Հանդիպման նպատակն էր քննարկել Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող և Ասիական տեխնոլոգիաների ինստիտուտի կողմից իրականացվող տիեզերական հենքով և տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ աղետներին դիմակայելու կարողությունների հզորացման ծրագրի մանրամասները: Ծրագիրը պիլոտային է և իրականացվում է չորս երկրների` Հայաստանի, Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության, Ֆիլիպինների Հանրապետության և Ֆիջիի Կղզիների Հանրապետության համար:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը ողջունելով հյուրերին` համառոտ ներկայացրեց նախարարության անցած ճանապարհը, կառուցվածքը և գործառույթները: Ն. Գրիգորյանի խոսքերով` Հայաստանում վերջին 30 տարվա ամենախոշոր աղետը` Սպիտակի երկրաշարժը, 25 հազար մարդու կյանք խլեց և մոտ 70 տոկոսով ավերեց Հայաստանի հյուսիսային շրջանները, որից հետո Հայաստանն իր առաջնահերթ խնդիրներից է համարում ունենալ երկրաշարժին և այլ բնական ու տեխնածին աղետներին դիմագրավելու պատրաստ հզոր պետական կառույց: Այդ կառույցն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: ՓԾ տնօրենի տեղակալը նշեց, որ նախարարությունը հետաքրքրված է աղետների ռիսկի նվազեցման և արձագանքման աշխատանքներում տիեզերական տեխնոլոգիաների օգտագործմամբ, և ԱԻ նախարար Ա. Երիցյանի հանձնարարությամբ` համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են կառուցողական համագործակցության:
Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Թադայոշի Յահատան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և տեղեկացրեց հանդիպման մասնակիցներին, որ տիեզերական տեխնոլոգիաների կիրառումը խթանող այս ծրագրի համար նախատեսված է տրամադրել 2 միլիոն դոլլար չորս պետությունների համար:

Ծրագրի իրականացման ղեկավար է նշանակվել Ասիական տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչ Գունա Պաուդյալը: Նրա խոսքերով` նախատեսված է տիեզերական բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ պիլոտային ծրագիր իրականացնել Դիլիջան քաղաքում, ինչպես նաև վերապատրաստել 30 հայ մասնագետ, թարմացնել նյութատեխնիկական բազան և հայկական կողմին տրամադրել նորագույն ծրագրեր:

Այս ծրագիրը հնարավորություն կտա տիեզերքից ստանալ բարձր որակի արբանյակային նկարներ, որոնք կարելի է օգտագործել աղետների ժամանակ ամբողջական պատկերը դիտարկելու համար: Ծրագիրը կարող է օգտակար լինել նաև համայնքային մակարդակում կիրառելու համար:

Հանդիպումից հետո հյուրերը այցելեցին նաև Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որին ծանոթանալով` բարձր գնահատեցին կենտրոնի հնարավորություններն ու տեխնիկական հագեցվածությունը:
Հայաստան այցի շրջանակում նախատեսված է նաև արտասահմանյան պատվիրակության այցը Գառնու երկրաֆիզիկական դիտարան:

← Վերադառնալ ցուցակին