Նորություններ
Պաշտոնական
Հանձնաժողովի նիստ ԱԻՆ-ում
15:05 / 08.04.2016

Ապրիլի 8-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ Անտառային հողերում, բնության հատուկ պահպանվող տարածքներում, գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում և բնակավայրերում բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման ազգային քաղաքականության իրագործմանն ուղղված գործողությունները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Հանդիպման նպատակն էր ՀՀ շահագրգիռ կառույցների հետ քննարկել բուսածածկ տարածքների հրդեհների կանխարգելման, դրանց հետևանքների նվազեցման և վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու առկա խնդիրները:
Նիստին մասնակցում էին ՀՀ պաշտպանության, գյուղատնտեսության, բնապահպանության նախարարությունների և ոստիկանության ներկայացուցիչներ:
Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԱԻ փոխնախարար Համլետ Հակոբյանը՝ ներկայացնելով հանձնաժողովի հիմնական գործառույթները.
- Մեր նպատակն է քննարկել անտառային հրդեհների պատճառները, բացահայտել խնդիրներն ու նոր մոտեցումներ ներկայացնել՝ դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Տարեկան լինում է մոտ 200.000 հրդեհ, որոնք մեծ վնաս են հասցնում թե´ բնապահպանության ոլորտին, թե´ կենդանական աշխարհին: Իսկ պատճառները կա´մ կլիմայական փոփոխություններն են, կա´մ մարդկային գործոնը:
Նիստին ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը ներկայացրեց 2015 թ. կատարված աշխատանքները և 2016 թ. նախատեսվող անելիքները:
Փրկարար ծառայության կողմից կատարված միջոցառումները ներկայացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը.
Վ. Գաբրիելյանը նշեց նաև, որ հաջորդ կարևորագույն քայլը խոշոր բուսածածկ տարածքներին մոտ համայնքներում կամավոր հրշեջ ջոկատների ստեղծումն է, քանի որ անտառները բնակչության համար ունեն նաև սոցիալական նշանակություն:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գնդապետ Հ. Մաթևոսյանը զեկուցեց, որ պարբերաբար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, որոնց ևս մասնակցում են տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ: Դասընթացներն ընթանում են հատուկ մշակված ուղեցույցերով:
2015 թ. կատարված աշխատանքներն ամփոփեցին նաև ՀՀ պաշտպանության, բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները՝ նշելով թեմային առնչվող նոր առաջարկություններ:
Հանձնաժողովն առանձնահատուկ ուշադրություն դարձրեց բուսածածկ տարածքներում ականների առկայությանը, որոնք հրդեհների ժամանակ լուրջ խոչընդոտ են հանդիսանում հրդեհաշիջման աշխատանքներին և ներկայացնում մեծ վտանգ: ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ ականազերծման համապատասխան աշխատանքները տարվում են, կատարվում է քարտեզագրում:
Ամփոփելով միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստի արդյունքները՝ Հ. Հակոբյանը նշեց, որ անելիքները շատ են, հարկավոր է միասնական ջանքերով մշակել և առաջ քաշել անհրաժեշտ նոր մոտեցումներ՝ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար: