Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ-ը շարունակում է համակարգումը

17:15 / 07.04.2016

Ապրիլի 6-ից սկսած շարունակվում են Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ կազմակերպությունների ու մարդկանց հեռախոսազանգերն ու այցելությունները ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Առաջին պատրաստակամներից էին ԱԻՆ աշխատակիցները: Իրականացվել է դրամահավաք, ինչպես նաև՝ հավաքվել են պարենային, բժշկական և նյութական այլ պաշարներ: Մեծ ակտիվություն է ցուցաբերել Երևան քաղաքի փրկարարական վարչության անձնակազմը: Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների աշակերտների կողմից հավաքվել են սննդամթերք և խաղալիքներ՝ ԼՂՀ Մարտակերտի և Մարտունու շրջանների երեխաների համար: Երևանի Ստեփան Լիսիցյանի անվան թիվ 34 հիմնական և Երևանի Արգենտինյան հանրապետության թիվ 76 հիմնական դպրոցների միջոցներով հավաքվել է համապատասխանաբար` 15 և 19 արկղ հագուստ, հրուշակեղեն, ծխախոտ, ներքնազգեստ, թեյ, սուրճ, խտացրած կաթ և պահածոներ:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների նախաձեռնությամբ ԼՂՀ կուղարկվի թեյ, սուրճ, հրուշակեղեն, ծխախոտ:

«Աջակցենք սահմանամերձ համայնքներին» քաղաքացիական նախաձեռնության կողմից Արցախին մարդասիրական օգնություն ցոոցաբերելու նպատակով հավաքվել և ԱԻՆ է բերվել

• զինվորական հագուստ-41 արկղ
• հրուշակեղեն-75 արկղ
• պահածո, խտացրած կաթ-35 արկղ
• հիգիենայի պարագաներ-14 արկղ
• մակարոն-18 արկղ
• ջրեղեն-48 արկղ
• դեղորայք-6 արկղ
• ծխախոտ – 8արկղ
• սուրճ – 5 արկղ
• քաղաքացիական հագուստ – 34 արկղ

Այսօր և վաղը ՀՀ տարբեր մարզերից և կազմակերպություններից ԱԻՆ վարչական շենք կհասցվեն տարաբնույթ սննդամթերք, հագուստ, դեղորայք և այլ ապրանքներ:

Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:

Ավտոշարասյունը ԱԻՆ-ից Արցախ կուղևորվի ապրիլի 9-ին՝ շաբաթ օրը:

Կազմակերպությունների, անհատների և առաքվող ապրանքի մանրակրկիտ ցանկը կհրապարակվի:

← Վերադառնալ ցուցակին