Նորություններ

Պաշտոնական

ՔՊ թեմաներով դասընթացներ դպրոցներում

11:32 / 03.03.2016

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ս/թ փետրվարի 29-ից մարտի 1-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչությունը` պետ, փ/ծ գնդապետ Մ.Ներսիսյանի գլխավորությամբ, տեսական դասընթացներ ու վարժանքներ է իրականացրել ՀՀ Տավուշի մարզի համայնքներում:

Սահմանամերձ (Իջևանի տարածաշրջան՝ Այգեհովիտ, Սևքար, Սարիգյուղ, Նոյեմբերյանի տարածաշրջան՝ Ոսկեպար, Կոթի, Բերդավան, Բերդի տարածաշրջան՝ Այգեպար, Չորաթան, Մովսես, Արծվաբերդ, Այգեձոր, Չինարի) գյուղական համայնքների դպրոցներում վարչության աշխատակիցները քաղաքացիական պաշտպանության թեմաներով պարապմունքներ և զրույցներ են անցկացրել աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ, իսկ Վերին Կարմիր Աղբյուր, Մովսես, Այգեձոր և Չինարի գյուղական համայնքների դպրոցներում՝ կազմակերպվել են նաև գործնական վարժանքներ:

Նշված համայնքների բոլոր դպրոցներում անցկացված պարապմունքները եղել են «Ազդարարման ազդանշանները և դրանց հաղորդման կարգը», «Բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում, անհատական պաշտպանության միջոցներով ապահովումն ու բնակչության տարահանման կազմակերպումը» թեմաներով:

ՄԻջոցառումների հիմնական նպատակն էր բարձրացնել աշակերտների և մանկավարժների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև կատարելագործել տարահանման և պատսպարման ժամանակ նրանց գործնական հմտությունները:

Պարապմունքներին զուգահեռ իրականացվել է նաև դպրոցներում առկա պաշտպանական կառույցների (թաքստոցների) վիճակի և տեղանքի ուսումնասիրություն` հնարավոր պարզագույն թաքստոցներ կառուցելու նպատակով, հաշվարկելով դեպի թաքստոցներ տարահանման կարճ ու անվտանգ երթուղիների ընտրությունը:

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ այցի շրջանակներում կատարվել են ստուգումներ ՓԾ ՔՊ վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի մարզային ստորաբաժանումներում (Ազատամուտ, Ներքին Կարմիր Աղբյուր, Այգեպար հենակետեր), որտեղ ստուգվել է ծառայության իրականացման ու շենքերում կատարված շինարարական հարդարման աշխատանքների գործընթացը: Տեղում տրվել են համապատասխան ցուցումներ:

Մարտի 1-ին ՔՊ վարչության անձնակազմը` քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, քաղպաշտպանության վերաբերյալ տարբեր թեմաներով պարապմունքներ և զրույցներ է անցկացրել մայրաքաղաքի 13 դպրոցներում (Երևանի թիվ 38, 39, 49, 56, 75, 119, 132, 135, 136, 142, 146, 174 և 192 դպրոցներ): Նույն օրը լսարանային դասընթացներ, գործնական վարժանքներ և տարահանումներ են կազմակերպվել նաև Արմավիրի մարզի Էջմիածնի թիվ 11 և Կոտայքի մարզի Եղվարդի թիվ 3 դպրոցներում:

← Վերադառնալ ցուցակին