Նորություններ

Պաշտոնական

ՔՊ ուսումնավարժություն Արագածոտնի մարզում

11:05 / 03.03.2016

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով` ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչությունը ՀՀ մարզերում պարբերաբար իրականացնում է տարբեր ուսումնավարժություններ` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ համայնքները:

ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության միջոցառումների շրջանակներում փետրվարի 25-ին մարզում անցկացվեց «Արագածոտնի մարզի բնակչության պաշտպանությունը հակառակորդի օդուժի հարձակման դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Նպատակն էր` ստուգել ՀՀ Արագածոտնի մարզի քաղաքացիական պաշտպանության ու տարահանման պլանների իրատեսությունը և կատարելագործել մարզի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի ունակությունները` քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ օպերատիվ և ճիշտ որոշումների ընդունման ուղղությամբ:

Ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ Արագածոտնի մարզի ՔՊ ղեկավար կազմը, մարզային տարահանման հանձնաժողովը, Աշտարակ քաղաքի տարահանման հանձնաժողովը և ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունը, մասնակցում էր ՀՀ ԱԻ նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը (փ/ծ փոխգնդապետ Ա.Խաչատրյան և փ/ծ փոխգնդապետ Ա.Գրիգորյան):

Ազդարարման և պատսպարման գործնական միջոցառումներից հետո Աշտարակ քաղաքի մշակույթի տանը ծավալվեց տարհանման հավաքակայան, որտեղ շուրջ 70 տարահանվածներ հաշվառվեցին ու տեղակայվեցին սպասասրահներում: Մանկահասակ երեխաներին տեղավորեցին մոր և մանկան սենյակներում, իսկ տուժածներին ցուցաբերվեց առաջին բուժօգնություն:

Ամփոփելով հատուկ տակտիկական ուսումնավարժության արդյունքները՝ ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Մ.Աբգարյանը նշեց, որ ուսումնավարժություններն ինքնանպատակ չեն, այլ հնարավորություն են ընձեռում կատարելագործվելու և շտկելու արձանագրված թերությունները:

ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը փետրվարի 24-26-ը մեթոդական օգնություն է ցուցաբերել ՀՀ Արագածոտնի մարզային, Աշտարակ քաղաքի, սահմանամերձ Արտենի և Արագածավան գյուղական համայնքների ՔՊ պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքներում:

← Վերադառնալ ցուցակին