Նորություններ

Պաշտոնական

Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է

14:30 / 01.03.2016

Վարժանք` օդային հարձակման թեմայով

Մարտի 1-ին նշվող քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը տարբեր թեմաներով վարժանքներ է կազմակերպել ՀՀ մարզերում ու մայրաքաղաք Երևանում:

Ավան վարչական շրջանի թիվ 180 հիմնական դպրոցում անցկացվեց «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Միջոցառման ընթացքին հետևում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևանի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը, ինչպես նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը:

Սցենարի համաձայն` ս/թ մարտի 1-ին, ժամը 09:55-ի սահմաններում տեղեկություն էր ստացվել, որ հակառակորդը կրկին «խախտել է» հրադադարի ռեժիմը և տարբեր տրամաչափի զենքերից «գնդակոծել» ՀՀ սահմանամերձ գյուղերը: «Օդային հարձակման են» ենթարկվել ՀՀ սահմանամերձ մի քանի քաղաքներ, հնարավոր է հարձակում նաև Երևանի վրա:

Ըստ ոսումնավարժության պլանի` հակառակորդը «ռմբակոծել էր» Ավան վարչական շրջանի թիվ 180 հիմնական դպրոցի շենքը, որի հետևանքով վնասվել էին հիմնական մասնաշենքը, հարակից շինությունները, կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել էին հրդեհի օջախներ և փլուզումներ, կային «վիրավորներ»:

Դպրոցի քաղաքացիական պաշտպանության պետը հնչեցնում է օդային տագնապ ազդանշանը և ահազանգում «911»` ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն: Մինչ փրկարարների ժամանումը` դպրոցի կազմավորումների ուժերով իրականացվեց ընդհանուր հետախուզություն, հրդեհաշիջում և նախնական փրկարարական աշխատանքներ: Ուսուցիչները, որոնք նաև տարհանման հանձնաժողովի անդամներ են, իրականացրեցին աշակերտների տարհանում և հաշվառում:

Դեպքի վայր շտապեցին Երևանի փրկարարական վարչության Ավան բաժնի թիվ 11 ՀՓՋ մարտական հաշվարկները: Արագ բացազատումից հետո իրականացվեց հետախուզում, որի արդյունքում պարզվեց, որ դպրոցից չի տարհանվել 8 աշակերտ, իսկ շենքում կա 4 «վիրավոր»:

Հրշեջ-փրկարարները սկսեցին հրդեշիջման և որոնողափրկարարական աշխատանքները: Տարածքն արգելափակվեց, իսկ երթևեկությունը` սահմանափակվեց: Բռնկված «հրդեհի» և առաջացած ծխապատ գոտու պատճառով 8 արգելափակված աշակերտներին փրկարարները հաջողությամբ դուրս բերեցին շենքից, վիրավորները «1-03» ծառայության կողմից տեղափոխվեցին մասնագիտացված բժշկական օգնության հաստատություններ: Համապատասխան կազմավորումներն իրականացրեցին էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և գազակատարման վերականգնման համար անհրաժեշտ աշխատանքներ:

Ավարտին Մուշեղ Ղազարյանը ներկաներին շնորհավորեց քաղաքացիական պաշտպանության օրվա կապակցությամբ, իսկ ուսումնավարժանքի արդյունքները գնահատեց բավարար:

***

Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես կարևորվում է պատերազմական իրավիճակներում։ Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ գեներալ Սենտ Պոլը, ով 1931 թ. Փարիզում հիմնեց «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան։ Դրա նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել որոշակի կարգի քաղաքացիական բնակչություն։

1958 թ. «Ժնևյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։

1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության ժամանակակից կանոնադրությունը: Այն ուժի մեջ մտավ 1972 թ. մարտի 1-ին: Կառույցին տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ, իսկ մարտի 1-ը սահմանվեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ քաղպաշտպանությունը չի կարող իր գործունեությունը սահմանափակել միայն պատերազմական ժամանակի շրջանակներով։ Դրա ուժերն ու միջոցները պետք է մեծ արդյունավետությամբ օգտագործվեն նաև խաղաղ պայմաններում, հատկապես` վթարների, տարերային ու տեխնածին աղետների հետևանքները վերացնելիս։ Այդ նպատակով 2015 թ. ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կազմում ստեղծվել է Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոն, որի հիմնական գործառույթը քաղաքացիական բնակչության պաշտպանությունն է:

← Վերադառնալ ցուցակին