Նորություններ

Պաշտոնական

Հրավիրում ենք լուսաբանելու

15:54 / 29.02.2016

Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: 1994 թ. Հայաստանը ևս դարձել է Քաղպաշտպանության միջազգային կազմակերպության անդամ, և այդ օրվա առթիվ ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարհանումներ և այլն:

Մարտի 1-ին, ժամը 10.00-ին Երևանի թիվ 180 դպրոցում (հասցեն` Ավան-Առինջ, 2-րդ միկրոշրջան) ՀՀ ԱԻ նախարարությունը կանցկացնի «Հակառակորդի օդուժի հարձակման դեպքում աշակերտների և աշխատակիցների պաշտպանության իրականացումը» թեմայով ուսումնավարժություն:

Հարգելի գործընկերներ, լուսաբանման համար կից ներկայացնում ենք նաև Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ հանրապետության տարածքում մարտի 1-5-ը ՀՀ ԱԻ նախարարության կողմից անցկացվող 70-ից ավելի միջոցառումների ժամանակացույցը:

***

Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես կարևորվում է պատերազմական իրավիճակներում։ Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ գեներալ Սենտ Պոլը, ով 1931 թ. Փարիզում հիմնեց «Ժնևյան գոտիներ» ասոցիացիան։ Դրա նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել որոշակի կարգի քաղաքացիական բնակչություն։

1958 թ. «Ժնևյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։

1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության ժամանակակից կանոնադրությունը: Այն ուժի մեջ մտավ 1972 թ. մարտի 1-ին: Կառույցին տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ, իսկ մարտի 1-ը սահմանվեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

Ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ քաղպաշտպանությունը չի կարող իր գործունեությունը սահմանափակել միայն պատերազմական ժամանակի շրջանակներով։ Դրա ուժերն ու միջոցները պետք է մեծ արդյունավետությամբ օգտագործվեն նաև խաղաղ պայմաններում, հատկապես` վթարների, տարերային ու տեխնածին աղետների հետևանքները վերացնելիս։

Այդ նպատակով 2015 թ. ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության կազմում ստեղծվել է Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոն, որի հիմնական գործառույթը քաղաքացիական բնակչության պաշտպանությունն է:


 

← Վերադառնալ ցուցակին