Նորություններ

Պաշտոնական

Քննարկվել են Լոռու և Վայոց ձորի մարզային խնդիրները

17:34 / 22.01.2016

Հունվարի 22-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի մոտ ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի մասնակցությամբ քննարկվեց էներգակիրների սակագների և աշխատավարձերի բարձրացման պատճառով մարզի մի շարք համայնքներում կուտակված պարտքերի խնդիրը: Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձորի, Ստեփանավանի և Ալավերդու քաղաքապետերը:

Վերոնշյալ քաղաքային և Ջիլիզա գյուղական համայնքների ղեկավարները դիմել են ՀՀ կառավարությանը` այս խնդրի լուծման նպատակով գումարներ հատկացնելու խնդրանքով:

Հանդիպմանը քննարկվեցին խնդրին առնչվող հարցեր, քաղաքապետերը ներկայացրին իրենց հիմնավորումները: Նշվեց, որ համայնքային բյուջեները թույլ չեն տալիս լայնածավալ ծրագրեր իրականացնել և սեփական եկամուտների հավաքագրումները հիմնականում ուղղվում են համայնքային հրատապ հարցերի լուծմանը: Ներկայացվեցին համայնքներում առկա մի շարք խնդիրներ ևս` ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում, վթարային շենքերի ամրացում, մանկապարտեզների կառուցում և այլն:

ՀՀ ՏԿԱԻ նախարարը հանձնարարեց քաղաքապետարանների ֆինանսական պատասխանատուների հետ մեկ անգամ մանրամասն քննարկել խնդիրը, հստակեցնել հրատապ անհրաժեշտ գումարի չափը, որից հետո հարցը կներկայացվի կառավարությունը:

Նույն օրը` ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն անցկացրել է խորհրդակցություն` նվիրված Վայոց ձորի մարզի, մասնավորապես, Ջերմուկ քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրներին:

Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ներկայացրեց նաև մարզի համայնքներում առկա իրավիճակը` կապված սեփական եկամուտների հավաքագրման հետ:

Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը համայնքի էլետրաէներգիայի և աշխատավարձերի փոխհատուցման համար պետբյուջեից խնդրեց լրացուցիչ 35 միլիոն դրամ:

Նախարարը հանձնարարեց ՏԿԱԻ փոխնախարարներ Վաչե Տերտերյանին և Կարեն Իսախանյանին, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, ուսումնասիրել և զեկուցել համայնքներին ֆինանսական օժանդակությունների հայտերը:

- Միանգամից հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել, բայց որ համայնքներում առկա խնդիրները պետք է լուծվեն, երկրորդ կարծիք չի կարող լինել,-նշեց Ա. Երիցյանը:

ՀՀ ՏԿԱԻ նախարարն ընդգծեց, որ նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ կկրեն, ինչպես նաև հաճախակի կլինեն այցերը մարզեր` խնդիրները տեղում քննարկելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին