Նորություններ
Պաշտոնական
Քննարկվեցին ԱԻ ազդարարման ոլորտում համագործակցության հեռանկարները
16:58 / 20.01.2016

Հունվարի 20-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Sepura միջազգային ընկերության մարքեթինգի գծով ղեկավար Ֆելիքս Դելաֆոենտեին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՏԿԱԻ նախարարության հետ հնարավոր համագործակցությունը արտակարգ իրավիճակների ազդարարման ոլորտում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ֆելիքս Դելաֆոենտեն ներկայացրեց Sepura կազմակերպության գործունեության դաշտը՝ ընդգծելով, որ ընկերությունն ԱԻ արձագանքման բնագավառում ունի միջազգային մեծ փորձ:
- Մեր հիմնական ուղղությունը կառավարման ոլորտն է: Տարբեր երկրներում՝ Ճապոնիայում, ԱՄԷ-ում, Մալայզիայում, Վենետիկում, ԱՄՆ-ում մեր համագործակցությամբ ստեղծվել են ազգային ցանցեր: Մեր կազմակերպությունն աշխարհում երկրորդն է բջջային սարքավորումների արտադրության ոլորտում: Նշեմ, որ առաջիկա Օլիմպիական խաղերի անվտանգության համակարգերի ապահովումը վստահվել է մեր ընկերությանը: ԱԻ ոլորտում ևս ցանկանում ենք այդպիսի հաջողություններ գրանցել: Այդ նպատակով մեզ համար կարևոր է իմանալ Ձեզ ամենից շատ հետարքրքրող բնագավառը:
Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով կազմակերպության արտադրական ոլորտը ներկայացնելու համար՝ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ ՏԿԱԻ նախարարությունն ԱԻ ոլորտում համագործակցում է շուրջ մեկ տասնյակ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ներկայացնում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ճապոնիան և Շվեյցարիան: Նախարարը հյուրին տեղեկացրեց, որ ՏԿԱԻՆ ամենակարևոր ոլորտներից է հանրային իրազեկումը:
- Մենք նախարարությունում ունենք Ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն, ինչպես նաև յուրաքանչյուր մարզում գործում են մարզային ՃԿԿ-ներ: Այս ցանցը ևս ստեղծել ենք միջազգային փորձագետների հետ համագործակցությամբ: Մեր գործունեության դաշտը բավական լայն է, իսկ նախարարությունը՝ բազմաֆունկցիոնալ: Այստեղ միայն փրկարար ծառայությունը չէ: Նախարարությունն իրականացնում է նաև տարածքային կառավարում, հանրապետության 915 համայնքների կառավարումը ևս ՏԿԱԻ նախարարության գործառույթներից է,- ընդգծեց Ա. Երիցյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Sepura ընկերության առաջարկները` ազդարարման միջոցներով ՀՀ բոլոր համայնքներն ազգային ցանցով իրար կապելու ուղղությամբ:
Նախարարի հանձնարարականով` ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ա. Ցոլակյանի գլխավորությամբ կստեղծվի աշխատանքային խումբ, որը կհստակեցնի Sepura ընկերության հետ համագործակցության ոլորտները:
Sepura ընկերությունը հիմնվել է 2002 թ. և զբաղվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների, բջջային հեախոսների և արտակարգ իրավիճակների կառավարման կենտրոնական համակարգերի արտադրությամբ: