Նորություններ

Պաշտոնական

Մեկնարկել է PPRD EAST 2-ի ազգային խորհրդատվական խմբի ժողովը

17:48 / 17.11.2015

Նոյեմբերի 17-19-ը Երևանում ընթանում է «Արևելյան հարևանության աջակցություն» նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում արևելյան տարածաշրջանում» ծրագրի 2-րդ փուլի (PPRD EAST-2) ազգային խորհրդատվական խմբի հերթական հանդիպումը:

Ազգային խորհրդատվական խմբի ժողովին մասնակցում էին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

PPRD EAST 2 թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին, ողջունելով ազգային խորհրդատվական խմբի մասնակիցներին, բոլորին մաղթեց արդյուվետ աշխատանք:

ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, փ/ծ գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ ծրագրի նախորդ փուլն ամփոփելիս եղան առաջարկներ, որոնք կփորձեն քննարկել առաջիկա երեք օրերի ընթացքում:
- Առաջիկա աշխատանքային օրերի քննարկումներին ակնկալում եմ բոլորիս ակտիվ մասնակցությունը, քանի որ նախանշված ուղղություններն առնչվում են մեր բոլորի գործունեությանը: Նախատեսվում է մշակել առաջարկություններ ինչպես մինչ այժմ իրականացված, այնպես էլ` հետագայում նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, որպեսզի ծրագիրը մեր երկրի համար առավել կիրառելի և օգտակար լինի,- շեշտեց Ն. Գրիգորյանը:

Ազգային խորհրդատվական խմբի քննարկման օրակարգային թեմաներից էր «Երկրի նկարագրի» նախագծային տարբերակը:

Ժողովի ընթացքում զեկույցներով հանդես եկան PPRD EAST 2 ծրագրի փորձագետները, որոնք ներկայացրեցին տարբեր ուղղություններով իրականացված աշխատանքները և հետագա անելիքները:

Ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումներն ընդգրկում են հետևյալ ուղղությունները`
- բնակչության պաշտպանության իրավական դաշտի կատարելագործում (մասնավորապես` ջրհեղեղների մասին ԵՄ դիրեկտիվայի ներդրում).
- աղետների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ոլորտում բնակչության պաշտպանական կարողությունների զարգացում.
- ռիսկերի կառավարման էլեկտրոնային քարտեզների կատարելագործում ու զարգացում.
- աղետների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում.
- բնակչության պաշտպանության ԵՄ մեխանիզմների հետ կապի ամրապնդում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի զարգացնել բնակչության պաշտպանության կարողությունները «Արևելյան գործընկերության» երկրներում (Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա և Ադրբեջան):

Առաջին փուլը Հայաստանում մեկնարկել է 2011 թ. և դրա շրջանակներում իրականացվել են տարբեր աշխատանքներ` կադրերի վերապատրաստման ու փորձագետների փոխանակման ուղղությամբ, կազմակերպվել են ուսումնավարժություններ, մշակվել է ռիսկերի կառավարման տարածաշրջանային էլեկտրոնային ատլաս:

← Վերադառնալ ցուցակին