Նորություններ

Պաշտոնական

Ամփոփվել է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը

00:00 / 03.03.2015

 Մարտի 3-ին ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գործողությունների ստորաբաժանման Հայաստանի հարցերով պատասխանատու Ստեֆանո Սանտամատոյին: Վերջինս Երևան է ժամանել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2014թ. աշխատանքները գնահատելու նպատակով:
Հանդիպմանը քննարկվեցին արտակարգ իրավիճակների պլանավորման և ճգնաժամային իրավիճակներին վերաբերող հարցեր:
Ողջունելով Ս. Սանտամատոյին՝ Ս. Ազարյանը ներկայացրեց ՏԿԱԻ նախարարության կառուցվածքը, անդրադարձավ տարբեր ստորաբաժանումների գործունեությանը: ՓԾ տնօրենը նաև հավելեց, որ նախարարությունը միշտ պատրաստ է արդյունավետ համագործակցության:
-Մենք կփորձենք լայն ծավալով տեղեկատվություն տալ Ձեզ,- ասաց Ս. Ազարյանը,- բոլոր քննարկվող խնդիրներն ունեն համապատասխան կատարողներ և կփորձենք համատեղ գտնել այդ հարցերի լուծումն ու կազմակերպումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ս. Սանտամատոն կարևորեց ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր խնդրի նկատմամբ ճիշտ մոտեցումն ու հնարավոր լուծումները:
ՏԿԱԻՆ առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները համառոտ խոսեցին կատարված աշխատանքների և առաջիկայում նախատեսվող միջոցառումների մասին: Անդրադարձ եղավ սեյսմիկ պաշտպանության ծառայության աշխատանքներին, ճգնաժամային կառավարման և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնների, քաղաքացիական պաշտպանության, հանրային իրազեկման, ինչպես նաև ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատանքներին:
ՆԱՏՕ-ի ներկայացուցչին մանրամասն ներկայացվեցին բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ՀՀ վտանգների և ռիսկերի կանխատեսմանն ուղղված ծրագրերը, ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) որակավորման գործընթացը և նախատեսվող վարժանքները, որոնց ակտիվ մասնակցում են նաև այլ նախարարություններ:
Հանդիպման ավարտին Ս. Սանտամատոն շրջեց նորագույն տեխնոլոգիաներով հագեցած Ճգնաժամային կառավարման կենտրոնում և ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին