Նորություններ

Պաշտոնական

Գիտաժողով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության արդի հիմնախնդիրները» թեմայով

00:00 / 03.03.2015

 Մարտի 3-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության արդի հիմնախնդիրները» խորագրով ուսանողական միջբուհական գիտաժողովը՝ նվիրված Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվան:

Գիտաժողովի բացման խոսքում՝ ողջունելով ներկաներին ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց. «Մեր երկիրն աղետների առումով խոցելի է, ինչը ոչ միայն պայմանավորված է աշխարհագրական ռելիեֆով, բնակլիմայական պայմաններով, այլ նաև տեխնոլոգիական հագեցվածությամբ. մենք ունենք լեռնահանքային արդյունաբերություն, հզոր հիդրոտեխնիկական կառույցներ, խիտ բնակեցված քաղաքներ և այդ է պատճառը, որ մեր երկրում աղետների ռիսկերի կառավարմանը, կանխատեսմանը մեծ նշանակություն է տրվում»:
Նա վստահություն հայտնեց, որ այս գիտաժողովն արդյունավետ հարթակ կհանդիսանա գիտական որոշակի արդյունքներ ձևավորելու և առկա հիմնախնդիրները քննարկելու համար՝ հիմնվելով գիտական նոր ձեռքբերումների, նոր լուծումների վրա: ՏԿԱԻ նախարարությունն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիան ամեն ինչ կանեն նման գիտաժողովներն ավանդական դարձնելու համար:

ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանը իր ողջույնի խոսքում կարևորեց նման գիտաժողովների արդիականությունն ու անհրաժեշտությունը՝ արտակարգ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվելու պատրաստվածության առումով: «Կարևոր է, որ մենք փորձում ենք ոչ միայն Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը նշել, այլև մեր նպատակն է մարդկանց մոտ զարգացնել արտակարգ իրավիճակների հիմնահարցերով մտածողություն, և էստաֆետը հանձնել մեր երիտասարդներին, ովքեր կկարողանան մեր երկիրը դարձնել աղետակայուն»,-ընդգծեց Հ. Մաթևոսյանը:

Գիտաժողովին մասնակցում էր 13 բուհ, այդ թվում`Արցախի Պետական Համալսարանը: Գիտաժողովի աշխատանքներն ընթացան «Կառավարում և տնտեսագիտություն», «Տեխնոլոգիաներ» և «Գիտամեթոդական հիմնախնդիրներ» թեմաներով: Մասնակիցներին կտրվեն հավաստագրեր, իսկ լավագույն 3 աշխատանքները կհրատարակվեն ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ» գիտական հոդվածների ժողովածուում:

Նշենք, որ Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությունը մարտի 1-ը սահմանել էր Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: Հայաստանն այս կազմակերպությանն անդամակցում է 1994 թ-ից և յուրաքանչյուր տարի մարտի 1-ը նշում է որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

← Վերադառնալ ցուցակին