Նորություններ

Պաշտոնական

Կայացել է Արմավիրի մարզխորհրդի առաջին նիստը

00:00 / 13.02.2015

Փետրվարի 13-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզխորհրդի այս տարվա առաջին նիստը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանը, մարզի բոլոր համայնքների ղեկավարները և այլոք:

Մարզպետ Ա. Ղահրամանյանը ներկայացրեց Արմավիրի մարզպետարանի 2014 թ. գործունենության և մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունը: Հաշվետվությունն ընդգրկում էր մարզպետարանի գործունեության կազմակերպման ընդհանուր, տարածքային կառավարման ու համայնքային, ֆինանսական, արդյունաբերական, ՓՄՁ-ների, առևտրի, քաղաքաշինական, տրանսպորտի, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, առողջապահական, կրթական և այլ հարցերում առկա ձեռքբերումներն ու բացթողումները:

Ձեռքբերումների շարքում մարզպետն առանձնացրեց մասնավորապես մարզի արդյունաբերության ոլորտում առկա առաջընթացը, որտեղ մեծ ներդրում են ունեցել <<ՄԱՊ>> ՓԲԸ, Վանանդի <<Նոյան>> պտուղ-բանջարեղենի վերամշակման գործարանը և Բաղրամյանի թռչնաբուծական ֆաբրիկան: Ա. Ղահրամանյանի խոսքով մարզում շոշափելի առաջընթաց է գրանցվել նաև առողջապահության բնագավառում, որտեղ, սակայն, դեռևս մեծ աշխատանք կա իրականացնելու: <<Կարող ենք արձանագրել, որ Արմավիրի բժշկական կենտրոնը բավական բարվոք վիճակում է, մինչդեռ Վաղարշապատի ծննդատունն այնքան անմխիթար է, որ ծննդաբերելու համար քաղաքի բնակիչները հասնում են Երևան: Նշեմ նաև, որ Չեխիայի Հանրապետության հետ համատեղ Արմավիրի բժշկական կենտրոնին կից շուտով կկառուցվի դիագնոստիկ կենտրոն>>, - եզրափակեց մարզպետը:

Արմավիրի մարզում քաղաքաշինության բնագավառում ևս նշանակալի ձեռքբերումներ կան: Մարզպետը ներկայացրեց համայնքներում շուրջ մեկ տասնյակ եկեղեցիների կառուցման փաստը, ինչպես նաև COAF հիմնադրամի աջակցությամբ մարզի Գետաշեն և Հացիկ համայնքների դպրոցների հիմնանորոգումը: Ա. Ղահրամանյանը փաստեց, որ ինչպես ՀՀ բոլոր մարզերը, Արմավիրը ևս մեծապես տուժել է 2014 թ. ցրտահարությունից: <<Աննախադեպ ցրտահարության հետևանքով վնասվեցին ծիրանենու, դեղձենու, սալորենու բերքատու տարածությունները՝ 50-100 տակոսի չափով>>, - նշեց Ա. Ղահրամանյանը: Մարզում 2014 թ. ընթացքում աճ է նկատվել նաև անասնապահության ոլորտում. արձանագրվել է գլխաքանակի 7-10 տոկոս աճ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արա Պետրոսյանն իր ելույթի ընթացքում մեծ գոհունակություն հայտնեց մարզում կատարված բարեփոխումների վերաբերյալ: <<Փառք ու պատիվ ձեզ, որ կարողացաք հաղթահարել այդ դժվաին տարին: Ես ներքին մոբիլիզացիայի կոչ եմ անում բոլորին, որպեսզի պատվով հաղթահարենք նաև 2015 թվականը>>: Ա. Պետրոսյանը համայնքային բնակիչների կյանքի բարելավման համար առանձնացրեց երկու հիմնական ուղղություն: Նա համայնքի ղեկավարներին հորդորեց, որ բնակիչներին որքան հնարավոր է շատ ներգրավեն զբաղվածության կենտրոններում: Մյուս հարցը, որի վրա ուշադրություն հրավիրեց Ա. Պետրոսյանը, վերաբերում է փոքր բիզնեսների աջակցության ծրագրին, որտեղ բացթողումները կապված էին հիմնականում նախապես ներկայացվող բիզնես ծրագրերի հարցում թերացումների հետ: <<Կշահեն նրանք, ովքեր կներկայացնեն լավ մշակված բիզնես նախագիծ>>, - եզրափակեց փոխնախարարը:

Նիստի ընթացքում ելույթ ունեցան նաև որոշ համայնքների ներկայացուցիչներ: Մասնավորապես` Վանանդ համայնքի ղեկավար Ջիվան Մանուկյանը մյուս համայնքապետերի անունից ներկայացրեց ամենակարևոր հարցերը`հողի հարկի գանձում, բյուջեի արդյունավետ բաշխում և աղետների ռիսկի նվազեցում:

Մարզխորհրդի նիստից հետո ՏԿԱՒ նախարության անձնակազմը մարզպետի ուղեկցությամբ այցելեց նաև Արմավիրի՝ 2010 թ. հիմնանորոգված բժշկական կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սարգիս Խաչատրյանը հյուրերին ծանոթացրեց հիվանդանոցի 1-03 ծառայությանը, վերանորոգված և վերազինված հարմարավետ հիվանդասենյակներին։ Նշվեց նաև, որ կենտրոնն ունի մաքուր և ֆիլտրված ջրի կարիք: <<Մենք պայմանավորվածություն ունենք <<Մաքուր ջուր>> ընկերության հետ, որը շուտով հիվանդանոցին կտրամադրի ֆիլտրեր՝ ջուրը զտելու համար>>, - նշեց մարզպետ Ա. Ղահրամանյանը: ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ մոտ ապագայում կբարելավվի նաև մարզային բոլոր հիվանդանոցների 1-03 ծառայության որակը:

ՏԿԱԻ նախարարության անձնակազմը եղավ նաև Սարդարապատի ջերմոցում, որը մեծ նշանակություն ունի մարզի գյուղատնտեսության զարգացման գործում: Ջերմոցը զբաղեցնում է շուրջ 11 հազ. քմ տարածք։ Ջերմոցի սեփականատեր Արեգ Գևորգյանը նշեց, որ ջերմոցի բերքատվությունը կազմում է հեկտարի համար շուրջ 200 տ. բանջարեղեն:
 

← Վերադառնալ ցուցակին