Նորություններ

Պաշտոնական

Առաջին կին գնդապետը փրկարար ծառայությունում

00:00 / 11.02.2015

Փետրվարի 11-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նշանակումներ` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, Նաիրիտի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատում, անօդաչու թռչող սարքավորումների խմբում, ինչպես նաև Արմավիրի և Շիրակի մարզային հրշեջ-փրկարարական ջոկատներում:

Ա. Երիցյանի մեկ այլ հրամանով` ՓԾ ՕԿՎ ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվական ապահովման և վիճակագրության բաժնի պետ Ալվինա Մնացականյանին շնորհվել է փ/ծ գնդապետի կոչում:

Ա. Մնացականյանը ծնվել է 1967 թ. մայիսի 30-ին, Երևանում:
Սովորել է մայրաքաղաքի թիվ 104 միջնակարգ դպրոցում, այնուհետև Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնում, ստանալով ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորում:
1993 թ. աշխատանքի է անցել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հանրապետական շտաբում` կազմակերպչական մոբիլիզացիոն և կադրերի, ապա` օպերատիվ կառավարման բաժիններում:
1999 թ. տեղափոխվել է ՀՀ ԿԱ արտակարգ իրավիճակների վարչության փրկարար ուժերի նախապատրաստման բաժին:
2000 թ. նույն համակարգում անցել է զինվորական ծառայության` ստանալով լեյտենանտի կոչում:
2001-2003 թթ. եղել է «Փրկարար» ուսումնական կենտրոնի հրահանգիչ և մինչ օրս շարունակում է ծառայությունը` արդեն ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունում:

Աշխատանքային հարուստ կենսագրության ընթացքում (արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչություն, բնակչության և տարածքների պաշտպանության վարչության գիտատեխնիկական բաժին, ապա ավտոմատացված համակարգերի, ծրագրային և կապի ապահովման բաժին) Ալվինա Մնացականյանը մշտապես աչքի է ընկել բարեխիղճ ծառայությամբ, բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական գրագիտությամբ և պատրաստվածությամբ, իր առջև դրված խնդիրների համար հրատապ ու ստեղծագործ լուծումներ գտնելու ընդունակությամբ և մասնագիտական կարողություններն անընդհատ կատարելագործելու ձգտումով:

Մշակել է քիմիական օբյեկտներում վթարի դեպքում իրավիճակի գնահատման ծրագիր, իսկ հետագայում ավելի մասնագիտացել է տեղեկատվական տեխնալոգիաների, ծրագրավորման և վեբ դիզայնի բնագավառում` զբաղվելով մեր նորանկախ հանրապետության դեռևս նոր-նոր զարգացող արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտի տեղեկատվական ապահովմամբ:

ԱԻ համակարգում ծառայության ընթացքում Ա. Մնացականյանն իր բարության, ազնվության, համեստության, բոլորին օգնության հասնելու ունակության և կենսուրախ բնավորության շնորհիվ արժանացել է բոլոր գործընկերների սիրուն և հարգանքին:

Գնահատելով նրա ներդրումն ԱԻ համակարգի զարգացման գործում, բարեխիղճ ծառայությունն ու մասնագիտական որակները` ՀՀ ՏԿԱԻ նախարարի որոշմամբ Ա. Մնացականյանը դարձավ փրկարար ծառայությունում առաջին կինը, ում շնորհվեց գնդապետի կոչում:

Շնորհավորում ենք մեր սիրելի գործընկերուհուն և մաղթում ամենայն բարիք:

← Վերադառնալ ցուցակին