Նորություններ

Պաշտոնական

Հացիկի աշակերտները կսովորեն հիմնանորոգ ու բարեկարգ դպրոցում

00:00 / 11.02.2015

Փետրվարի 11-ին Արմավիրի մարզի Հացիկ համայնքում տեղի ունեցավ հիմնանորոգված դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությանը, որին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, հովանավորներ, այլ հյուրեր: Ծրագիրն իրականացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և ՏԿԱԻ նախարարության համատեղ ջանքերով: Դեռ մեկ տարի առաջ համայնքի դպրոցը խարխլված վիճակում էր: Այսօր այն ժամանակակից և բարձրորակ ուսումնական հաստատություն է, որտեղ շուրջ 315 աշակերտ և 45 ուսուցիչ կսովորեն և կաշխատեն լուսավոր ու ջեռուցվող դասասենյակներում: Հացիկը COAF-ի կողմից իրականացվող ՀՀ գյուղական համայնքների համալիր զարգացման երեխայակենտրոն ծրագրի մեջ ընդգրկված համայնքներից մեկն է: Համայնքն ունի 2973 բնակիչ, որից 577-ը երեխաներ են: Հացիկի միջնակարգ դպրոցը հիմնադրամի կողմից նորոգված 8-րդ ուսումնական և 20-րդ հանրային նշանակության կառույցն է: Միջոցառմանը հատուկ տոնական տրամադրություն հաղորդեցին դպրոցականների ներկայացրած փոքրիկ բեմականացումները։

Ողջույնի խոսքում ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը կարևորեց դպրոցների հիմնանորոգման և, առհասարակ համայնքի բնակիչների կյանքի տարբեր ոլորտների բարելավման նախաձեռնությունները և նշեց, որ դրանք շարունական են լիելու և ընդգրկելու են հանրապետության մյուս մարզերը: ««Հարգարժան ներկաներ, ես բոլորիդ ողջունում եմ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի և ողջ նախարարության անձնակազմի անունից: Նախարությունը մշտապես լինելու է հիմնադրամի կողքին և իր աջակցությունն է ցուցաբերելու բոլոր հարցերում: Շնորհակալություն եմ հայտնում հիմնադրամի տնօրեն Գարո Արմենին և մաղթում մեծ հաջողություններ ազգանվեր աշխատանք իրականացնելու ճանապարհին»,- եզրափակեց Վ. Տերտերյանը:Ելույթ ունեցավ նաև COAF-ի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը: Նա մասնավորապես նշեց, որ հիմնադրամի կրթական ծրագրերի միջոցով գյուղական դպրոցները կվերափոխվեն երեխայակենտրոն հաստատությունների` աշակերտներին ընձեռելով ինքնաբացահայտման հնարավորություններ և աջակցելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը: «Մեզ` հայերիս համար, աշակերտների ապահովության հարցը ամենակարևոր խնդիրներից է: Կրթությունն ամենամեծ հարստությունն է, և մենք կարդարացնենք մեր պապերի հույսերը` ունենալով առողջ ու զարգացած երիտասարդություն»:

Դպրոցի հիմնանորոգման աշխատանքների հովանավորներին ու աջակիցներին իրենց երախտիքի խոսքը հայտնեցին նաև համայնքի ղեկավարը և դպրոցի տնօրենը:

Տոնական տրամադրությունը շարունակվեց նաև դպրոցի ներսում, որտեղ ներկաները ծանոթացան դպրոցի նորոգված և ջեռուցումով ապահովված դասասենյակներին, վերազինված գրադարանին և համակարգչային կենտրոնին:

Լրագրողների հետ զրույցում ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ COAF հիմնադրամի հետ համատեղ նախատեսվում է նմանատիպ ծրագրեր իրականացնել հանրապետության ևս 100 համայնքներում: «Երկու օր առաջ հիմնադրամի անձնակազմը հյուրընկալվել էր ՏԿԱՒ նախարար Ա. Երիցյանին, որն իր զորակցությունն էր հայտնել հիմնադրամին ու նրա ծրագրերին: Նմանատիպ նախաձեռնություններ կիրականացվեն նաև հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևելյան մարզերում: Ջանք և եռանդ չենք խնայելու համայնքի բնակիչների կյանքը բարելավելու համար: Հետագայում կկառուցվեն ոչ միայն հանրակրթական դպրոցներ, այլև` «սմարթ» կենտրոններ»:

Շուտով ժամանակակից կրթության պահանջներին համապատասխանող դպրոցում իրենց նորամուտը կտոնեն Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի երեխաները: Վերանորոգման փուլում գտնվող դպրոցը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա ամռանը: 

← Վերադառնալ ցուցակին