Նորություններ

Պաշտոնական

Հիդրոմետ ծառայության պատասխանատուները՝ եղանակային կանխատեսումների, ջրամբարների լցվածության, առկա ջրային պաշարների մասին

00:00 / 11.02.2015

Փետրվարի 11-ին <<Հենարան>> ակումբում կայացավ ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի և հիդրոլոգիայի բաժնի պետ Լևոն Ազիզյանի մամուլի ասուլիսը: Նրանք ներկայացրին առաջիկայում եղանակային կանխատեսումները, հանրապետությունում ներկա պահին ջրամբարների լցվածությունը, ինչպես նաև՝ պատասխանեցին լրագրողների հարցերին:

Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը, անդրադառնալով առաջիկա օրերի եղանակային կանխատեսումներին, տեղեկացրեց, որ օդի ջերմաստիճանը հանրապետությունում մինչև փետրվարի 13-ը էապես չի փոխվի, սակայն հանրապետության շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ կդիտվեն տեղումներ: Փետրվարի 16-ից սկսած, կապված Արկտիկայի շրջաններից հանրապետություն ներթափանցող սառը օդային հոսքերի հետ, չի բացառվում, որ հանրապետությունում կգրանցվի ջերմաստիճանի լուրջ անկում: Այս առումով օդերևութաբանները գյուղացիներին խորհուրդ տվեցին չշտապել և գյուղատնտեսական աշխատանքները վաղաժամ չսկսել:

<<Ինչ վերաբերում է փետրվար-մարտ ամիսներին սպասվող եղանակային կանխատեսումներին, փետրվարի ողջ ընթացքում հանրապետությունում տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի, ինչի արդյունքում ամսվա վերջին կարելի է ակնկալել ձյան ծածկույթի նորմայից ավելի քանակության առկայություն: Մարտը նույնպես սպասվում է տեղումնառատ` մանավանդ լեռնային տարածքներում, որոնք հանդիսանում են հանրապետության գետերի հիմնական ջրհավաք ավազաններ>>, - նշել է Գագիկ Սուրենյանը:

Հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի բաժնի պետ Լևոն Ազիզյանը, ներկայացնելով ջրամբարներում ջրի պաշարների կուտակվածության պատկերը, անհիմն համարեց տարվա սակավաջրության կամ սպասվող երաշտի մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը: <<Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեղեկատվությունը հիմնված չէ փաստերի վրա և չի համապատասխանում իրականությանը: Գարնանային վարարումների հոսքի մեծությունը, ջրամբարների լցվածությունը կախված են նախաձմեռային շրջանի հիդրոօդերևութաբանական պայմաններից, ձմռան ընթացքում կուտակված պաշարից և գարնանը օդի ջերմության պայմաններից: Նախաձմեռային ժամանակահատվածում հիդրոօդերևութաբանական պայմանները բարենպաստ են եղել, տեղումները կազմել են նորմայի 150-160%-ը, ինչը նպաստավոր պայման է ջրային ռեսուրսների ձևավորման համար>>,-տեղեակցերեց նա:

Ինչ վերաբերվում է ձնածածկույթին, ապա, ըստ Լ. Ազիզյանի, փետրվարի առաջին տասնօրյակի դրությամբ հանրապետության խոշոր գետավազանների մեծ մասում ձնածածկույթը կազմում է նորմայի 80-90%-ը, միայն Սևանի ու Արփայի ավազանում այն կազմել է 60-70%, ինչը փոքր-ինչ ավելի ցածր է, քան` մյուս ավազաններում: Իսկ Ախուրյանի ավազանում նույնիսկ նորմայից բարձր է եղել՝ 110%:

Լ.Ազիզյանը նաև տեղեկացրեց, որ փետրվարի 11-ի դրությամբ Ապարանի ջրամբարում ջրի ծավալը կազմում է 12,3 մլն խմ, Ազատի ջրամբարում՝ 22,9 մլն, Ախուրյանի ջրամբարում` 140 մլն խմ:

← Վերադառնալ ցուցակին