Նորություններ

Պաշտոնական

Հիմնանորոգվել է Արմավիրի Հացիկ գյուղի դպրոցը

00:00 / 10.02.2015

Փետրվարի 11-ին, ժամը 11.30-ին ՀՀ Արմավիրի մարզում տեղի կունենա Հացիկ (Նաիրի) համայնքի հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա կլինեն ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր և խորհրդի ատենապետ Գարո Արմենը, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների համար հատկացված միկրոավտոբուսն Արմավիրի մարզ կուղևորվի փետրվարի 11-ին, ժամը 10.00-ին` Երևանի Հանրապետության հրապարակից (շատրվանների դիմացի ավտոկայանատեղից):

***
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղերի բնակիչների կյանքի որակը՝ երեխայակենտրոն զարգացման ծրագրերի միջոցով:
Դեռևս մեկ տարի առաջ Հացիկի դպրոցը քայքայման շեմին էր, իսկ այսօր այն ժամանակակից ուսումնական հաստատություն է, որի ուսուցչական կազմն ու 315 աշակերտներն այսուհետ կսովորեն և կաշխատեն լուսավոր, ջեռուցվող դասասենյակներում, կօգտվեն ջրամատակարարմամբ ապահովված սանհանգույցներից: Տարրական դպրոցի դասասենյակներից մի քանիսն անցյալ տարի վերանորոգվել են «Փարոս» բարեգործական հիմնադրամի կողմից, որը 2015 թ. նախատեսում է արդիականացնել նաև դպրոցի մարզադահլիճը: Դպրոցական ճաշարանի նորոգման գործում, Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համատեղ, իր ներդրումն են ունեցել նաև Հացիկի համայնքապետարանն ու դպրոցի տնօրինությունը, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ դպրոցում կառուցվել է Ստեղծագործարան՝ տեխնոլոգիապես հագեցված դասասենյակ:

Հացիկը (Նաիրին) COAF-ի կողմից իրականացվող «ՀՀ գյուղական համայնքների համալիր զարգացման երեխայակենտրոն ծրագրի» մեջ ընդգրկված համայնքներից մեկն է, ունի 2973 բնակչություն, որից 577-ը երեխաներ են:
 

← Վերադառնալ ցուցակին