Նորություններ

Պաշտոնական

ՏԿԱԻ նախարարն ընդունել է ԼՂՀ պատվիրակությանը

00:00 / 29.01.2015

 Հունվարի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Ա. Երիցյանն ընդունել է ԼՂՀ կառավարության պատվիրակությանը, որը գլխավորում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Վերջինիս ուղեկցում էին ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և Տարածքային կառավարման ու վերաբնակեցման վարչության պետ Ժիրայր Միրզոյանը:

Հանդիպման հիմնական նպատակն էր հստակեցնել տարածքային կառավարման ոլորտում ՀՀ և ԼՂՀ համագործակցության շրջանակները:

Դեռևս 2008 թ. սահմանվել է Հայաստան-Արցախ հարաբերությունների ձևաչափ, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի մշակվում և իրականացվում է միջոցառումների բազմաբնույթ ծրագիր: Այդ ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերն ու ԼՂՀ վարչական շրջանները համատեղ իրականացնում են տարբեր կրթական, մարզական ու մշակութային միջոցառումներ, փոխադարձ այցեր, բժշկական կենտրոններում կազմակերպվում են բաց դռների օրեր, տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկա և այլն: Առկա է նաև սերտ փոխգործակցություն արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում` համատեղ ուսումնավարժությունների անցկացում, կադրերի վերապատրաստում, մասնագիտական ու տեխնիկական աջակցություն:

ԼՂՀ պատվիրակները շնորհակալություն հայտնեցին համագործակցության համար` պատրաստակամություն հայտնելով շարունակել ու ավելի սերտացնել հարաբերությունները:

Հանդիպման ավարտին ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին մշակել առաջարկություններ տարածքային կառավարման ոլորտում Արցախի հետ համագործակցությունն առավել կանոնակարգված, գործնական ու արդյունավետ դարձնելու վերաբերյալ:

Արմեն Երիցյանն ընդգծեց, որ այս հարցը գտնվելու է նախարարության ուշադրության կենտրոնում և իր անմիջական վերահսկողության տակ:

Նախարարի հրամանով աշխատանքները կհամակարգի ՏԿԱԻՆ փոխնախարար Ա. Բախշյանը:

 

← Վերադառնալ ցուցակին