Նորություններ

Պաշտոնական

Դրական միտում պատահարների վիճակագրությունում

00:00 / 22.01.2015

Հունվարի 22-ին "Պոստ Սկրիպտում" մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: Հանդիպման հիմնական թեման անցյալ տարի գրանցված արտակարգ դեպքերի վիճակագրությունն էր և մարդուն հրատապ օգնության "911" ծառայության զարգացման հեռանկարները:

Իր խոսքում Հ. Խանգելդյանն ընդգծեց, որ ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրված արտակարգ պատահարների վիճակագրության մեջ կա դրական միտում.
- Անցյալ տարվա ընթացքում ունեցել ենք տարբեր բնույթի 12076 դեպք (2013-ին` 11091 դեպք), որոնցում հիմնական մասնաբաժինը կազմել են հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու թունավորումները: Սակայն 2013 թ. համեմատությամբ` 2014 թ. նվազել է տարբեր պատահարներից զոհերի թիվը: Համապատասխանաբար` 2013 թ. եղել է 615 զոհ, 8647 վիրավոր, իսկ 2014 թ.` 591 զոհ և 8934 վիրավոր:

Անցյալ տարվա համեմատ նվազել է նաև Ամանորի տոնական օրերին գրանցված պատահարների, ինչպես նաև զոհերի ու տուժածների թիվը.
- Տոնական օրերն աչքի են ընկել արգելափակման մեջ հայտնված մեքենաների առատությամբ: Այդ ընթացքում արգելափակումից դուրս է բերվել 300-ից ավելի տարբեր տրանսպորտային միջոց և շատ լավ համագործակցություն է եղել ոստիկանության և Ճանշին-ի հետ:

Անդրադառնալով տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների միավորմանը` ՃԿԿ պետը նշեց, որ դա կնպաստի մի շարք գործառույթների կենտրոնացված կառավարմանը և աշխատանքի արդյունավետության բարձրացմանը.
- Արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանում գործող 3 բջջային օպերատորների հետ "911" և "103" ծառայությունների ահազանգերը տեղայնացնելու ուղղությամբ, որպեսզի մարզերից եկող զանգերը միանգամից միանան տարածքային ստորաբաժանումներին: Այդ ուղղությամբ առաջին փորձարկումը նախատեսվում է իրականացնել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Մշակվում են նաև համակարգչային ծրագրային փաթեթներ` արագ արձագանքման ծառայություններին ուղղված ահազանգերի կենտրոնացված կառավարման համար, որպեսզի բոլոր ծառայությունները միաժամանակ կարողանան հետևել զանգի սպասարկման ընթացքին:

Գնդապետ Խանգելդյանը նաև լրագրողներին հայտնեց, որ 2014 թ. ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է 1.464.000 զանգ, որը 7.3 տոկոսով կամ 99.000-ով ավելի է, քան 2013 թվականին, և այդ զանգերից ոչ մեկն առանց արձագանք չի մնացել:
 

← Վերադառնալ ցուցակին