Նորություններ

Պաշտոնական

Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում

00:00 / 21.01.2015

 Հունվարի 21-ին Երևանի "Մարիոթ Արմենիա " հյուրանոցում տեղի ունեցավ "Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. Ուղերձ կառավարությանը" փաստաթղթի ներկայացումը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, արտաքին գործերի նախարարությունների, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի, Երևանում ԵԽ գրասենյակի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ՏԿԱԻՆ առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը բացման խոսքում ընդգծեց նման քննարկումների կարևորությունը.
- Վստահեցնում եմ, որ որպես ոլորտի համար պատասխանատու կառույց, մենք զարգացման ծրագրերում անպայման հաշվի կառնենք ներկայացվող առաջարկություններն ու նկատառումները:
2014 թ. մարտին ԵԽ Տեղական և տարածաշրջանային մարմինների կոնգրեսն ընդունեց Հայաստանում տեղական ժողովրդավարության մասին թիվ 351-ի Հանձնարարականը: Դրա եզրահանգումները տարածելու և դրույթները գործնականում կիրառելի դարձնելու նպատակով անցած տարի Գյումրիում և Սիսիանում անցկացվեցին սեմինարներ: Այդ քննարկումներին մասնակցում էին տարբեր մարզերի ավելի քան 150 համայնքի ղեկավարներ ու ավագանու անդամներ, որոնք էլ մշակել են "Ուղերձ Հայաստանի կառավարությանը" փաստաթուղթը:
Այն ամփոփում է հիմնական արձագանքներն ու առաջարկությունները, որոնք արվել են համայնքների շուրջ 150 ղեկավարների և ավագանու անդամների կողմից` սուբսիդավորման սկզբունքի, տեղական ֆինանսների և հարկերի, տարածքային կազմակերպման և միջհամայնքային համագործակցության, ավագանիների դերի բարձրացման ու քաղաքացիների մասնակցության վերաբերյալ:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաիրա Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ փաստաթուղթը մշակվել է համայնքների ներկայացուցիչների ու ԵԽ փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում:

Ուղերձն առավել հանգամանալից ներկայացրեցին Հայաստանի համայնքների միության, Համայնքների ֆինանսիստների միավորման և Հայաստանի ավագանիների ասոցացիայի ներկայացուցիչները:

Հանդիպումը կազմակերպվել էր "Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը" ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Երեւանում ԵԽ գրասենյակի միջոցով` Դանիայի կառավարության հովանավորությամբ:

← Վերադառնալ ցուցակին