Նորություններ

Պաշտոնական

Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը

00:00 / 20.01.2015

 Հունվարի 20-ին Երևանի "Մարիոթ Արմենիա" հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդի "Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը" ծրագրի ղեկավար կոմիտեի տարեկան նիստը:

Հանդիպմանը ներկայացվեցին ծրագրի 2014 թ. հաշվետվությունն ու ձեռքբերումները: "Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը" ծրագիրն ունի 3 ուղղություն` աջակցություն իրավական բարեփոխումներին, կարողությունների զարգացում և համայնքների ընտրված ներկայացուցիչների առաջնորդության ամրապնդում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև 2015 թ. ծրագրային փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները: Ծրագիրը Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի գործողությունների պլանի մի մասն է և ֆինանսավորվում է Դանիայի կառավարության կողմից:

***
Նույն օրը տեղի ունեցավ նաև Եվրախորհրդի "Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը" ծրագրի շրջանակներում իրականացվող Լավագույն գործելակերպի ծրագրի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

ԵԽ Ժողովրդավարական հաստատությունների և կառավարման բաժնի ղեկավար Ա. Զարդին, շնորհավորելով ծրագրում ընդգրկված համայնքներին, հույս հայտնեց, որ հաջորդ տարի մասնակիցների թիվը կավելանա ու արդյունքներն ավելի զգալի կլինեն:

Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Նաիրա Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ պետք է գնահատել նրանց, ովքեր այս դժվարին պայմաններում փորձում են որևէ լավ գործ անել իրենց համայնքի համար:

Ծրագրի ղեկավար կոմիտեի որոշմամբ աշխատանքային 3 ուղղություններով լավագույն փորձ և օրինակելի գործելակերպ ցուցաբերած ՀՀ վեց համայնքի (Նոր Երզնկա, Գոմք, Գանձաքար, Զորավան, Գետափ, Ուրցաձոր) ղեկավարներին վկայականներ հանձնեց Ա. Զարդին: Սևան քաղաքն արժանացավ հատուկ մրցանակի` քաղաքացիների մասնակցության խթանմանն ուղղված նախաձեռնությունների համար: Ծրագրի եզրափակիչ փուլ անցած ևս 6 համայնք (Ռինդ, Իջևան, Ախթալա, Քասախ, Վանաձոր, Աշտարակ) ստացավ խրախուսական մրցանակ: Հաղթող համայնքների ներկայացուցիչները 2014 թ. նոյեմբերին ճանաչողական այց են կատարել Եվրոպայի խորհուրդ` Ստրասբուրգ:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում ՀՀ ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ այս ծրագրի շնորհիվ Եվրախորհուրդն աջակցում է ոչ միայն իրավական բարեփոխումների ու քաղաքացիական մասնակցության խթանման հարցում, այլև` հնարավորություն է տալիս վերհանել համայնքների կառավարման ու զարգացման լավագույն փորձը.
- Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր համայնքները հնարավորինս շատ ծանոթանան և ինտեգրվեն տեղական ինքնակառավարման եվրոպական մշակույթին:

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն իր շնորհակալական խոսքում շեշտեց, որ մյուս համայնքները ոչնչով հետ չեն մնում հաղթողներից և իրենք միայն ուրախ կլինեն, եթե բոլոր համայնքներն էլ մասնակցեն այս ծրագրին և իրենց օգտակար փորձով կիսվեն ուրիշների հետ:

Գոմք համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանի խոսքով` իրենց ամենամեծ հաջողությունը համայնքի բնակիչների միավորումն է: Հանդես բերելով նախաձեռնողականություն ու միավորելով գյուղի ակտիվին` համայնքում կառուցվել է խաղահրապարակ, ստեղծվել են երիտասարդական ու մանկական ժամանցի կենտրոններ, վերանորոգվել է համայնքապետարանի շենքը, իսկ հիմա աշխատանքներ են տարվում ճանապարհների վերանորոգման ու խմելու ջրի հարցը լուծելու ուղղությամբ:

Միջոցառման ավարտին ազգագրական պարերի գեղեցիկ կատարումով հանդես եկավ Գետափ համայնքի "Զմրուխտ" համույթը:

← Վերադառնալ ցուցակին