Նորություններ

Պաշտոնական

Բարձրացվում է ՛՛911՛՛ և ՛՛103՛՛ ծառայությունների արդյունավետությունը

00:00 / 14.01.2015

Հունվարի 13-ին, ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կազմակերպվել էր աշխատանքային հանդիպում:

Հիմնական նպատակն էր բարձրացնել "911" և "103" ծառայությունների հասանելիությունն ու արդյունավետությունը մարզերում:
Հանդիպմանը ներկա էին ոչ միայն ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների, այլև առողջապահության նախարարությունների, «Արմենտել», "Վիվասել-ՄՏՍ" և "Օրանժ Արմենիա" ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանը մասնավորապես ասաց.
- Արտակարգ իրավիճակների կառավարման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար նախարար Ա. Երիցյանը որոշ խնդիրներ է բարձրացրել: Մենք պիտի մեր աջակցությունը ցուցաբերենք, և կխնդրեի, որ փորձենք միասին լուծումներ տալ ՏԿԱԻ նախարարի առաջադրած հարցերին:
Դիմելով հանդիպման մասնակիցներին` նախարար Ա. Երիցյանը նշեց, որ մարզային այցելությունների ժամանակ ուսումնասիրությունները վեր են հանել մի շատ կարևոր խնդիր.
- Ինչպես գիտեք` մենք Հայաստանի բոլոր մարզերում հիմնում ենք ճգնաժամային կառավարման կենտրոններ, որտեղ գործում է նաև մեր «911» ծառայությունը: Սակայն այժմ նախարարության առջև դրված խնդիրները շատացել են: Մեր ենթակայության տակ են անցել նաև շտապօգնության մարզային ծառայությունները: Մարզերից 911 կամ 103 զանգելիս մարդիկ կանգնում են լուրջ խնդրի առաջ: Նրանք միանում են Երևան, որտեղից արդեն ահազանգն ուղղորդվում է համապատասխան մարզային կառույց: Լինում է և ժամանակի կորուստ, և հասցեների հետ կապված խառնաշփոթ: Ես ձեզ խնդրում եմ մեզ աջակցել և այնպես անել, որ մարզերից եկող ահազանգերը միանգամից միանան տեղական կառույցներին` հաշվի առնելով, որ դա մեր բնակչության անվտանգության և առողջության հետ կապված խնդիր է:
Քննարկման ընթացքում «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյանն առաջարկեց ստեղծել կապի ծառայություն մատուցող ընկերություններից, շահագրգիռ նախարարությունների և ՀԾԿ հանձնաժողովի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, որը կարճ ժամկետում կմշակի խնդրի լուծման տարբերակները:
«Օրանժ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ֆ. Ժելիբտերը, միանալով առաջարկին, նույնպես աջակցելու պատրաստակամություն հայտնեց:
«Արմենտել» ՓԲԸ ներկայացուցիչ Մ. Միքայելյանը ևս նշեց, որ բարձրացված խնդիրը կարևոր է
- Այս հարցի նկատմամբ պետք է շատ պատասխանատու և կառուցողական մոտեցում ցուցաբերվի: Մենք նույնպես պատրաստ ենք ընդգրկվել աշխատանքային խմբում:
Օգտվելով առիթից` ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներ կազմակերպություններին ակտիվ համագործակցության համար և ընդգծեց, որ մինչ օրս բոլորի հետ նախարարությունը տարբեր օգտակար ծրագրեր է իրականացրել:
Հանդիպման ավարտին որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կղեկավարի ՀԾԿ հանձնաժողովի նախագահ Ռ. Նազարյանը: Վերջինս խնդրեց ամենասեղմ ժամկետում մշակել գործողությունների պլան-ժամանակացույց և անցնել գործնական քայլերի: 

← Վերադառնալ ցուցակին