Նորություններ

Պաշտոնական

Ամբողջ ուշադրությունը դեպի մարզեր և համայնքներ

00:00 / 12.01.2015

 Հունվարի 12-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՀՀ ՏԿԱԻՆ  ղեկավար կազմի հետ, որի ընթացքում  քննարկվեցին մարզերում աշխատանքների համակարգման   արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր:

ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ մարզերում առկա իրավիճակի մասին ավելի ճշգրիտ և ամբողջական պատկերացում կազմելու համար նախարարությունը մարզերում իր գործունեությունը կիրականացնի`շեշտը դնելով գործնական շփումների, համայնքային այցերի, հարցերին տեղերում ծանոթանալու  վրա: - Բոլոր մարզերի համայնքների պատկերը մենք ամբողջական պետք է ունենանք` ենթակառուցվածքների, կրթության, առաջնահերթ խնդիրների և հնարավոր բոլոր բնագավառաների վերաբերյալ, - նշեց նախարարը, խորհրդակցության մասնակիցներին  ևս առաջարկելով  ներկայացնել իրենց մոտեցումներն աշխատանքների արդյունավետ  կազմակերպման   վերաբերյալ:

Ա. Երիցյանը նշեց, որ հաջորդ շաբաթվանից մեկնարկելու են մարզային այցելությունները, որը սկսելու է սահմանամերձ համայնքներից: Անդրադարձ կատարվեց կիրակի օրը Նոյեմբերյանի տարածաշրջանում  ադրբեջանական կրակահերթից տուժած բնակավայրերի վնասներին: Նախարարը տեղեկացրեց, որ վնասների չափը ճշտելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով մարզում է նաև ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Արտաշես Բախշյանը:

Խորհրդակցությանը քննարկվեցին աշխատանքային մի շարք հարցեր: Մասնավորապես’ տեղեկատվություն ներկայացվեց հանրապետության 914 (առանց Երևանի) համայնքում առկա ամբուլատոր բժշկական ծառայությունների, հանրակրթական հաստատությունների, դրանց ընդհանուր վիճակի, համայնքային ծառայողների 2015 թ-ի վերապատրաստման ծրագրի, համայնքների 2015 թ-ի բյուջեների ընդունման գործընթացի, այս տարվա մարտի 15-ին կայանալիք ՏԻՄ  ընտրությունների  և այլ հարցերի  վերաբերյալ:

Բոլոր մարզերում արձագանքման հավասար որակ ապահովելու նպատակով կարճ ժամանակում ավարտին կհասցվեն մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնների և 911 ծառայության ստեղծման աշխատանքները:

← Վերադառնալ ցուցակին