Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի առաջին նիստը

00:00 / 20.06.2014

Դիլիջան քաղաքում այսօր տեղի ունեցավ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում իրականացվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի համատեղ կառավարման կոմիտեի  առաջին նիստը` ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ Թենգիզ Շենգելաշվիլիի համանախագահությամբ:

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի հիմնական նպատակը տեղական իշխանությունների, համայնքների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ միջսահմանային կապերի ամրապնդումն է՝ օգնելով մշակելու համատեղ լուծումներ սոցիալական եւ տնտեսական զարգացման ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու համար: Ծրագրի շահառու են Հայաստանի Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերը, Վրաստանի՝ Քվեմո Քարթլիի ու Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանները:

Կոմիտեի նիստում քննարկվեց եւ հաստատվեց Հայաստան-Վրաստան համատեղ գործառնական ծրագիրը, որը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության եւ Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության համատեղ ջանքերով՝ Արեւելյան գործընկերության տարածքային համագործակցության ծրագրի աջակցությամբ:

Կոմիտեի նիստում մասնակիցները նաեւ վերահաստատեցին Հայաստան-Վրաստան տարածքային համագործակցության ծրագրի նպատակները, առաջնահերթությունները եւ համատեղ մարտահրավերները:

Համատեղ կառավարման կոմիտեում ընդգրկված են երկու երկրների պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին