Նորություններ

Պաշտոնական

Խոշոր հրդեհ Ստեփանակերտում

09:00 / 17.06.2014

Հրշեջ-փրկարարները տասնյակ մարդկանց կյանք են փրկել

Ինչպես հայտնում են ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` հունիսի 16-ին ժամը 13.37-ին ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում Ստեփանակերտի փրկարարական վարչության ահազանգման կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման 2 հատուկ փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ իրականացվել են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը բռնկվել է առաջին հարկի լսարաններից մեկում և արգելափակել ելքերը, լուսամուտների մի մասը: Հրդեհի բռնկման պահին շենքում գտնվում էին 150 ուսանող և 30 դասախոս ու աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.37-ին, մարվել` 15.50-ին: Փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում էին հանրապետության վարչապետը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հրդեհի հետևանքով այրվել է 1 լսարան, հրդեհի բռնկման պատճառը և հասցված վնասի չափը ճշտվում են։

← Վերադառնալ ցուցակին