Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը

00:00 / 20.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Ռուսաստանի արխիվագետների պատվիրակությանը՝ ՌԴ դաշնային արխիվային գործակալության ղեկավար Ա.Արտիզովի գլխավորությամբ: Պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ "Արխիվային գործը Ռուսաստանում եւ Հայաստանում արդի փուլում" խորագրով ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:

Անդրադարձ եղավ Հայաստանի եւ ՌԴ դաշնային արխիվների համագործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց երկու երկրների արիվային ծառայությունների միջեւ գործընկերային կապերի հաստատման գործընթացը եւ այն ընդլայնելու պատրաստակամությունը:
Փոխվարչապետը գոհունակությամբ նշեց, որ համագործակցությունը վերջին տարիներին ավելի ինտենսիվ բնույթ է ստացել` ինչպես ակտիվ շփումների, համատեղ ցուցահանդեսների, այնպես էլ գործակցության նոր նախաձեռնությունների միջոցով:
Կարեւորվեց փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը` հանրային հետաքրքրություն ներկայացնող արխիվային փաստաթղթերի թեմատիկ համատեղ ցուցահանդեսների անցկացման տեսանկյունից:

Զրուցակիցները քննարկեցին արխիվային գործի ոլորտում ժամանակակից նոր տեխնոլոգիաների եւ մոտեցումների կիրառման անհրաժեշտությանը, էլեկտրոնային շտեմարանների ստեղծմանը, արխիվային փաստաթղթերի թվայնացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ "ՀՀ-ում արխիվային գործի բարեփոխումների իրականացման հայեցակարգ"-ով Հայաստանի ազգային արխիվում նախատեսվող բարեփոխումներին:

Կողմերը կարեւորեցին այս աշխատանքների ընթացքում փորձի փոխանակման անհրաժեշտությունը եւ պատրաստակամություն հայտնեցին ամրապնդել փոխգործակցությունը:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին