Նորություններ

Պաշտոնական

Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների մասին տեղեկատվական հանդիպում՝ լրագրողների համար

00:00 / 19.05.2014

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) "Համայնքների զարգացում Հարավային Կովկասում" ծրագրի աջակցությամբ, մայիսի 17-18-ը Աղվերանի համալիրում տեղեկատվական հանդիպում-քննարկում էր կազմակերպել լրատվամիջոցների ներկայացուցիչների համար` Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացի մասին իրազեկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն ընդգծեց այս ձեւաչափով հանդիպումների նշանակությունը տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման համար կարեւոր բարեփոխումների հաջողության, գործընթացի վերաբերյալ հանրային ճիշտ ընկալման ձեւավորման տեսանկյունից: "Աշխատանքների արդյունավետ իրականացման ընթացքում հաջողության հասնելու ամենամեծ հանգամանքը հանրային իրազեկման աշխատանքներն են: Մեր մոտեցումն է ինչպես համայնքներում, այնպես էլ տարբեր այլ ձեւաչափերով համապատասխան բացատրական, հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնել, ներկայացնել բարեփոխումների գաղափարը",-նշեց Ա. Գեւորգյանը՝ ավելացնելով, որ իրազեկման նպատակով հանդիպումները շարունակական կլինեն:

Փոխվարչապետը պատասխանեց նաեւ մասնակիցների հարցերին, որոնք վերաբերում էին բարեփոխումների նպատակին, ակնկալվող արդյունքներին, հնարավոր ռիսկերին եւ այլն:

Երկօրյա հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՏԿՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, փորձագետ, "Համայնքների ֆինանսիստների միավորում" կազմակերպութան նախագահ Վահան Մովսիսյանը, գործընթացում ներգրավված այլ փորձագետներ ներկայացրեցին Հայաստանում համայնքների խոշորացման եւ միջհամայնքային համագործակցության հայեցակարգը, Արարատի, Կոտայքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի համար կատարված ուսումնասիրությունները, բարեփոխումների համար առաջարկվող մոդելները, բարեփոխումների պիլոտային փուլի ու իրականացվելիք պիլոտային ծրագրերի հետ կապված մանրամասներ, պատասխանեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին