Նորություններ

Պաշտոնական

Նոր ուսումնական կենտրոն` կարգավար-օպերատորների համար

11:42 / 16.05.2014

Այսօր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ Կարգավար-օպերատորների նոր ուսումնական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչներ: Կարմիր ժապավենը կտրեցին Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի տնօրեն Մովսես Պողոսյանը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կլեր Մեդինան:

Կենտրոնը պատրաստվել է ՀՀ ԱԻ նախարարության, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի, Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության, ՄԱԶԾ, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համատեղ ջանքերով: Արդյունքում` ակադեմիայում ստեղծվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած բազմաֆունկցիոնալ վարժախաղարկային համալիր, որտեղ գործնական գիտելիքներ ու հմտություններ կստանան ինչպես տարբեր ոլորտների արագ արձագանքման ծառայությունների կարգավար-օպերատորները, այնպես էլ` այս համակարգում աշխատող այլ մասնագետներ: Ուսումնական կենտրոնն ամբողջությամբ հարմարեցված է սայլակավոր հաշմանդամների կարիքների համար:

Սկզբնական շրջանում դասընթացները վարելու են գերմանական Կարմիր խաչի մասնագետները: Վերջիններս շնորհակալություն հայտնեցին ԱԻ նախարարությանը` օժանդակության համար, ինչին ի պատասխան ԱԻ նախարար Ա. Երիցյանն ասաց.
- Ոչ թե դուք, այլ մենք պիտի ձեզ և մեր մյուս միջազգային գործընկերներին շնորհակալ լինենք, որ միշտ մեր կողքին եք: Ես վստահ եմ, որ այստեղ աշխատակիցների վերապատրաստվելուց հետո «911» ծառայությունն ավելի արդյունավետ կաշխատի:

Վերապատրաստման դասընթացների ծրագիրը կազմվել է հաշվի առնելով արագ արձագանքման ծառայությունների գերմանական և շվեյցարական փորձը: Կարգավար-օպերատորներն ուսանում են առաջին օգնության հիմունքներ և սթրեսի կառավարում, սովորում ճիշտ խոսել ահազանգողի հետ և կողմնորոշվել ժամանակի մեջ: Գործնական պարապմունքները նկարահանվում են և ձայնագրվում, ինչը հնարավորություն է տալիս վերլուծել կարգավարի գործողությունները և բացահայտել թերությունները: Վարժանքի միջոցով դասընթացի մասնակիցները ցուցադրեցին, թե ինչպես է «911» ծառայություն ահազանգած քաղաքացուն կարգավար-օպերատորը հանգստացնում և առաջին օգնության հրահանգներ տալիս` տուժածին օգնելու համար:

Լսարանները տեխնիկապես հագեցած են ճիշտ այնպես, ինչպես ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը և անհրաժեշտության դեպքում կարող են վերածվել արտակարգ իրավիճակների կառավարման իրական կենտրոնի:



← Վերադառնալ ցուցակին