Նորություններ

Պաշտոնական

Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ

00:00 / 16.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը: Փոխվարչապետը նախ շնորհավորեց Արարատի, Կոտայքի եւ Տավուշի նորանշանակ մարզպետներին եւ արդյունավետ աշխատանք մաղթեց:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մասնակցությամբ քննարկվեցին համայնքների տարածքներում գտնվող պատմամշակութային հուշարձանների պահպանության հետ կապված հարցեր: Կարեւորվեց պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցում համայնքների ղեկավարների հետ համագործակցությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մշակույթի նախարարության ներկայացուցիչներն առաջիկայում կմասնակցեն մարզխորհրդի նիստերին՝ հարցի հետ կապված իրենց մոտեցումները ներկայացնելու, արձանագրված խախտումների մասին տեղեկացնելու եւ համագործակցության վերաբերյալ մեխանիզմներ առաջարկելու նպատակով:

Քննարկվեցին նաեւ սահմանամերձ համայնքների աշակերտների համար մայրաքաղաք ճանաչողական եւ մշակութային այցերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ մարզպետներն առաջիկայույմ համապատասխան տեղեկություններ կտրամադրեն Մշակույթի նախարարությանը: Նախատեսվում է, որ այցերը կմեկնարկեն սեպտեմբերից: Քննարկվեցին նաեւ 2013-2014 ուսումնական տարվա ավարտական միջոցառումներին, դրանց պատշաճ անցկացմանը վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ նաեւ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման հինգերորդ հրատապ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված հարցերին: Մարզպետները տեղեկացրեցին, որ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական եւ նախագծային աշխատանքները հիմնականում ավարտված են:

Ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների սեփական եկամուտների 2014թ. առաջին չորս ամիսների կատարողականի ցուցանիշները: Նշվեց, որ համայնքների սեփական եկամուտների (հիմնական հինգ հարկատեսակների մասով) կատարողականը կազմել է 101,2 տոկոս` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 19,2 տոկոս աճ: Հողի հարկի կատարողականը կազմում է 78,3, գույքահարկինը՝ 107,7 տոկոս: Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց մշտական ուշադրության կենտրոնում պահել խնդիրը եւ հետեւողական լինել համայնքների սեփական եկամուտների հավաքագրումների նկատմամբ:

Քննարկվեցին նաեւ հունիսի 8-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված աշխատանքներն իրականացվում են:

Խորհրդակցությանն անդրադարձ եղավ ընթացիկ մի շարք այլ հարցերի եւս:

Հասարակայնության հետ կապերի բաժին


 

← Վերադառնալ ցուցակին