Նորություններ

Պաշտոնական

Բավրայում բացվեց նորակառույց համայնքային կենտրոնը

00:00 / 06.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Շիրակի մարզի Բավրա համայնքում ներկա գտնվեց նորակառույց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Ներկա էին նաեւ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, "Հայաստան" համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, արգենտինահայ բարերար Նշան Դեւեջյանը, այլ հյուրեր:

Համայնքային կենտրոնը կառուցվել է "Հայաստան" համահայկական հիմնադրամի ծրագրով՝ բարերար Նշան Դեւեջյանի հովանավորությամբ: Նորակառույց բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնում կգործեն գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, համակարգչային սենյակը եւ հանդիսությունների սրահը: Կենտրոնի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 70 մլն դրամ: Դեւեջյանների ընտանիքի ֆինանսավորմամբ հիմնովին կահավորվել եւ համակարգչային տեխնիկայով է համալրվել նաեւ Բավրայի դպրոցը:

Փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց Նշան Դեւեջյանին եւ կարեւորեց "Հայաստան" համահայկական հիմնադրամի գյուղական համայնքների զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Ըստ նրա՝ միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի հատկապես սահմանամերձ համայնքներում հասնել առկա խնդիրների լուծմանը: Փոխվարչապետը նաեւ հույս հայտնեց, որ նորակառույց կենտրոնը նոր հնարավորություններ կստեղծի համայնքի բնակիչների համար, իսկ նոր պայմանները կնպաստեն համայնքապետարանի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

← Վերադառնալ ցուցակին