Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետն աշխատանքային այցով Լոռիում էր

00:00 / 02.05.2014

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետը նախ այցելեց Վանաձորում կառուցվող ծննդատան շինհրապարակ, ծանոթացավ աշխատանքների ընթացքին: Ծննդատան շենքը կառուցվում է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով. այդ նպատակով հիմնադրամը հատկացրել է շուրջ 4 մլն դոլար: Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկեց նաեւ Վանաձորի բժշկական կենտրոնի կառուցման ծրագրին առնչվող հարցեր:

Այնուհետեւ փոխվարչապետն այցելեց մարզի Հագվի համայնք, որտեղ ներկա գտնվեց համայնքային կենտրոնի բացման արարողությանը: Կենտրոնի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ հրատապ ծրագրով հատկացվել է 34 մլն դրամ, ծրագրի իրականացմանը որոշակի մասնակցություն է ունեցել նաեւ համայնքը:

Համայնքային նշանակության մեկ այլ ծրագիր է իրականացվում Ալավերդի քաղաքում. պետական եւ մասնավոր ներդրումներով վերանորոգվում է քաղաքի գեղարվեստի դպրոցի շենքը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 38,5 մլն դրամ, որից 18 մլն դրամը տրամադրել է Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան գրասենյակը, 8 մլն դրամը՝ "Վալլեքս" խումբը, 12,5 մլն դրամ էլ հատկացվել է չորրորդ հրատապ ծրագրով:

Այնուհետեւ փոխվարչապետը Շնողում եւ Թեղուտում համայնքների ղեկավարների, "Մանես" բարեգործական հիմնադրամի պատասխանատուների մասնակցությամբ քննարկեց համայնքներում իրականացվելիք ծրագրերին, ինչպես նաեւ ՀՀ Նախագահի` օրերս Լոռի կատարած այցի ընթացքում տրված հանձնարարականների կատարմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես քննարկվեցին գազիֆիկացման, համայնքային ենթակառուցվածքների արդիականացման, այգիների հիմնման ծրագրերը, որոնց իրականացումը նախատեսվում է նաեւ «Վալլեքս» խմբի մասնակցությամբ:

Ա. Գեւորգյանն այցի շրջանակում եղավ նաեւ Այրումի քառաստիճան պոմպակայանում, որը վերականգնվել էր 2011թ. "Հազարամյակի մարտահրավեր-Հայաստան" հիմնադրամի ծրագրով: Մարզպետի եւ պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին ոռոգման շրջանի մեկնարկի, ոռոգման համակարգի վիճակի հետ կապված հարցեր: Փոխվարչապետը հորդորեց աշխատանքներն իրականացնել առավելագույնս կազմակերպված՝ հաշվի առնելով, որ սպասվում է սակավաջուր տարի:

Աշխատանքային այցը փոխվարչապետն ավարտեց Դիլիջանում: Ա. Գեւորգյանն այցելեց Դիլիջանի միջազգային դպրոցի շինհրապարակ, որտեղ նրան ներկայացվեցին շինարարության ընթացքն ու կատարված աշխատանքները:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին