Նորություններ

Պաշտոնական

Միջազգային ջոկատները պատրաստվում են ատեստավորման

15:49 / 30.04.2014

Այսօր վաղ առավոտից ՀՀ Կոտայքի մարզում մեկնարկել է 36 ժամ տևողությամբ ուսումնավարժություն` ուժեղ երկրաշարժի սցենարով: Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը:

Վարժանքն իրականացվում է Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության հետ համատեղ` որոնողափրկարարական միջազգային ջոկատի ներքին որակավորման ծրագրի շրջանակներում: Շվեյցարական գործակալության դիտորդ-փորձագետները հետևում են ուսումնավարժության ընթացքին: Գործնական աշխատանքներն իրականացվում են Արզնու ձորի վթարային կիսակառույց շինություններում:

Հիմնական նպատակն է ստուգել և կատարելագործել ՀՀ ԱԻՆ միջազգային որոնողափրկարարական միջին ջոկատների հմտությունները, քանի որ հաջորդ տարի նրանք պետք է մասնակցեն ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի ատեստավորմանը:

Ըստ մտահղացման` ՀՀ Կոտայքի մարզում տեղի է ունեցել 7.3 մագնիտուդով երկրաշարժ, կան զոհեր ու վիրավորներ: Փրկարարական թիմերը մեկնել են «աղետի գոտի», տեղում գնահատել իրավիճակն ու, ծավալելով բազա, ձեռնամուխ եղել որոնողափրկարարական աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին