Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը

00:00 / 05.02.2014

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի նիստը, որը վարում էր ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը:

Խորհուրդը քննարկեց եւ ի գիտություն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի "Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն" եւ "Հայանտառ" ՊՈԱԿ-ների 2013թ. հաշվետվությունները, ինչպես նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնության հատուկ պահպանվող տարածքներում 2013թ. ընթացքում անտառհատումների եւ անտառվերականգնման վերաբերյալ տեղեկանքը:

Ըստ ներկայացված հաշվետվությունների` 2013թ. ընթացքում ապօրինի հատված ծառերի ընդհանուր քանակը կազմել է 2031` 2012թ. տարվա 1860-ի դիմաց: 2013թ. անտառվերականգնման աշխատանքներ են իրականացվել ընդհանուր առմամբ շուրջ 542 հեկտար տարածքի վրա, որից 448.3 հեկտարը`"Հայանտառ" ՊՈԱԿ-ի անտառտնտեսություններում, 94 հեկտարը` բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Հատուկ քննարկվեց անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը: Նշվեց, որ ձեռնարկված միջոցառումների ընթացքում 2013թ. զգալի նվազել է անտառային հրդեհների թիվը. 20 դեպք` 2012թ. 59 դեպքի դիմաց: Այդուհանդերձ` կարեւորվեց անտառային հրդեհների դեմ պայքարի առավել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցը: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի կողմից առաջարկ հնչեց մի շարք գերատեսչությունների` Բնապահպանության, Գյուղատնտեսության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, մարզպետարանների կողմից համակարգված գործողությունների իրականացման վերաբերյալ: Փոխվարչապետը նույնպես կարեւորեց այդ ուղղությամբ համատեղ ու համակարգված աշխատանքների իրականացումը, ինչպես նաեւ առաջարկեց խորհրդի կազմում ընդգրկել նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներին:

Անտառպահպանության ոլորտում կարեւորվեց նաեւ ԼՂՀ իշխանությունների հետ համագործակցությունը: Փոխվարչապետն առաջարկեց ԼՂՀ գործընկերների հետ քննարկել համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին