Նորություններ

Պաշտոնական

Մեկնարկեց "Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը" եռամյա ծրագիրը

00:00 / 05.02.2014

Երեւանում այսօր կայացավ "Աջակցություն Հայաստանում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը" ծրագրի շնորհանդեսը, որով ազդարարվեց ծրագրի մեկնարկը: Տեղական ժողովրդավարության ոլորտին վերաբերող նոր եռամյա ծրագիրը, որն իրականացվելու է Դանիայի կառավարության ֆինանսավորմամբ, ներառված է Հայաստանի հետ Եվրոպայի խորհրդի 2012-2014թթ.Գործողությունների ծրագրում: 

Շնորհանդեսին ներկա էին եւ ծրագիրը ներկայացրեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Քնուդ Անդերսենը, ԵԽ ժողովրդավարական կառույցների եւ կառավարման բաժնի ղեկավար Ալֆոնսո Զարդին, Երեւանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետն իր խոսքում ողջունեց ծրագրի մեկնարկը եւ հատկանշական համարեց, որ այն սկիզբ է առնում մի ժամանակաշրջանում, երբ կառավարությունն իր առջեւ կարեւորագույն մարտահրավերներ ունի` մասնակցային ժողովրդավարության, վարչատարածքային բարեփոխումների, պատշաճ կառավարման, կառավարման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ կապված: "Մենք սկսում ենք երկարաժամկետ համագործակցության ծրագիր Դանիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ, որը նպատակաուղղված է Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումների աջակցությանը եւ համայնքների կարողությունների ամրապնդմանը: Ես լավատես եմ արդյունքների առումով, որոնց հնարավոր է հասնել` հիմնվելով մեր կառավարության շարունակական ջանքերի, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ակտիվ ներգրավվածության եւ ԵԽ-ի կողմից ցուցաբերած արժեքավոր աջակցության վրա",-նշեց Ա. Գեւորգյանը:

Ծրագրի նպատակը Հայաստանում տեղական ինքնակառավարման, այդ թվում` վարչատարածքային բարեփոխումների հարցում կառավարությանն աջակցելն է, ինչպես նաեւ տեղական ժողովրդավարության եվրոպական չափանիշների եւ լավագույն փորձի վերաբերյալ գիտելիքների տարածումը:

Ծրագրի պաշտոնական ներկայացմանը հաջորդեց ղեկավար կոմիտեի նիստը, որի ընթացքում շահագրգիռ կողմերին ներկայացվեցին ծրագրի ուղղությունները:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին