Նորություններ

Պաշտոնական

Երեւանում տեղի ունեցավ հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը

00:00 / 06.11.2013

Երեւանում այսօր տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Մինչ նիստի աշխատանքների մեկնարկը, ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն ընդունեց Իրաքի Հանրապետության փոխվարչապետ, հանձնաժողովի իրաքյան կողմի համանախագահ Ռոուշ Նուրի Շաուեյսի (Rowsch Noori Shaways) գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին վերջին շրջանում երկկողմ համագործակցության զարգացման մակարդակից: Արձանագրվեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում հարաբերությունների խորացման տեսանկյունից կարեւոր աշխատանքներ են իրականացվել` ձեւավորվել եւ գործում է միջկառավարական հանձնաժողովը, վերաբացվել է Երեւանում Իրաքի դեսպանությունը, նշանակվել է դեսպան: Երկու երկրների փոխվարչապետների գնահատմամբ` սա լավ հիմքեր է ստեղծում բարեկամ երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման համար:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ առեւտրական կապերն ակտիվացնելու հարցում երկու երկրների գործարար շրջանակների կողմից փոխադարձ հետաքրքրություն է առկա` ընդգծելով, որ արդեն իսկ նկատելի է ապրանքաշրջանառության ծավալների աճ: Գործարար շփումների աշխուժացման նպատակով, հանձնաժողովի նիստի աշխատանքներին զուգահեռ, Երեւանում անցկացվում է "Արտահանվող հայկական ապրանքներ" խորագրով ցուցահանդեսը, իսկ նոյեմբերի 7-ին տեղի կունենա հայ-իրաքյան գործարար համաժողովը:
" Մենք ցանկանում ենք, որ հայկական արտադրատեսակները հասանելի լինեն Իրաքի ժողովրդին եւ, փոխադարձաբար, Իրաքի ապրանքները մեր շուկա հասնեն: Մենք պատրաստ ենք նաեւ քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, փոխադարձ բարենպաստ պայմաններ ստեղծել երկու երկրների գործարարների համար",-նշեց Արմեն Գեւորգյանը:

Հանդիպումից հետո Ա. Գեւորգյանի եւ Ռ. Շաուեյսի համանախագահությամբ տեղի ունեցավ Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Համանախագահներն ամփոփեցին 2012թ. նոյեմբերին Բաղդադում կայացած հանձնաժողովի առաջին նիստի արձանագրության կետերի կատարման ընթացքը: Քննարկվեցին ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Երկուստեք կարեւորվեց գործարարների միջեւ շփումների ակտիվացումը, գործարար հանդիպումների, համաժողովների, ցուցահանդեսների ու տոնավաճառների կազմակերպումը Հայաստանում եւ Իրաքում: Կողմերը պայմանավորվեցին խրախուսել փոխադարձ ներդրումները տարբեր բնագավառներում, ինչպես նաեւ անհրաժեշտ համարեցին համապատասխան տեղեկատվության փոխանակումը:

Արձանագրվեց, որ փոխգործակցության զարգացման մեծ ներուժ է առկա նաեւ զբոսաշրջության ոլորտում. ընդ որում, կան բոլոր նախադրյալները երկկողմ զբոսաշրջության զարգացման համար: Կողմերը պայմանավորվեցին աջակցել երկու երկրների ոլորտային տնտեսվարող սուբյեկտների, կազմակերպությունների միջեւ համագործակցության հաստատմանն ու զարգացմանը:

Տնտեսական կապերի հետագա զարգացման, շփումների ակտիվացման համար երկուստեք անհրաժեշտ համարվեց Հայաստանի եւ Իրաքի միջեւ ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը: Կողմերը պայմանավորվեցին այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ իրականացնել:

Կարեւորվեց գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել Հայաստանից Իրաք թարմ պտուղ-բանջարեղեն, հանքային եւ խմելու ջրեր, բնական հյութեր եւ պահածոներ արտահանելու, ինչպես նաեւ գյուղատնտեսական մթերքների արտադրության համատեղ ձեռնարկություններ հիմնելու եւ կենդանի ոչխարների, բրդի, ձկների արտահանման հնարավորությունները:

Կողմերն արձանագրեցին, որ առողջապահության բնագավառում արդեն իսկ համագործակցության հիմքեր ստեղծվել են. 2012թ. երկու երկրների առողջապահական գերատեսչությունների միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, եւ ներկայումս երկկողմ քայլեր են ձեռնարկվում փոխգործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու ուղղությամբ: Փոխվարչապետ Ա. Գեւորգյանը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` իրաքցի 10 երեխաներ բուժում կստանան Երեւանում: Երեխաներից հինգն առաջիկայում արդեն կժամանեն Հայաստան:

Էներգետիկայի բնագավառում եւս փոխգործակցության լայն հնարավորություններ կան: Մասնավորապես, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնում Իրաքում իրականացնել կիսակառույց եւ արդիականացման ենթակա էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներ:

Երկուստեք կարեւորվեց մի շարք ոլորտներում համագործակցության հետագա խորացման համար փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը: Ներկայումս կողմերի քննարկման փուլում են գտնվում տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մոտ մեկ տասնյակ փաստաթղթեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել երկրորդ նիստի արդյունքներով ստորագրվելիք արձանագրության կետերի կենսագործման ընթացքը համակարգող խումբ` հանձնաժողովի երկու կողմերի նախագահների տեղակալների գլխավորությամբ:

Նիստից հետո Ա. Գեւորգյանն ու Ռ. Շաուեյսն այցելեցին "Երեւան Էքսպո" կենտրոն, որտեղ բացվել է "Արտահանվող հայկական ապրանքներ" խորագրով ցուցահանդեսը: Հյուրերը շրջեցին տաղավարներով, ծանոթացան ներկայացված արտադրանքին: Ցուցահանդեսին մասնակցում են շինարարական նյութերի արտադրության, շինարարության, թանկարժեք զարդերի և քարերի, սննդի արդյունաբերության, ճշգրիտ մեքենաշինության, դեղագործության եւ թեթեւ արդյունաբերության ոլորտներում արտահանման ներուժ ունեցող շուրջ 75 հայկական կազմակերպություններ: Ցուցահանդեսը կազմակերպվել է միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ Զարգացման հայկական գործակալության կողմից:

Նիստի արդյունքներով հանձնաժողովի համանախագահների կողմից ստորագրվեց երկրորդ նիստի արձանագրությունը:Կողմերի միջեւ ստորագրվեց նաեւ "Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրաքի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական, առեւտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին" համաձայնագիրը:

Երկու երկների փոխվարչապետները հանդես եկան ճեպազրույցով: 

Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված պաշտոնյաներն այցի ընթացքում առանձին հանդիպումներ կունենան հայաստանցի գործընկերների հետ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

← Վերադառնալ ցուցակին