Նորություններ
Պաշտոնական
Գիտատեխնիկական խորհրդի նիստ ԱԻՆ-ում
16:14 / 06.09.2013
Այսօր ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ Ա. Երիցյանը։
Նախքան օրակարգի հարցերին անցնելը նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց ԵՊՀ պրոֆեսոր Ռ.Մինասյանին `Քաղաքաշինության նախարարի կողմից խրախուսման արժանանալու և ոսկե մեդալով պարգևատրվելու առիթով: Նախարարն անձամբ փոխանցելով պարգևը, մասնավորապես ասաց.
- Մենք բոլորս գնահատում ենք Ձեր երկարամյա աշխատանքը և գիտական ներդրումն այս ոլորտում, մենք շարունակելու ենք աշխատել միասին և վստահ եմ, որ անելիքներ դեռ շատ ունենք:
Օրակարգում ընդգրկված առաջին հարցը վերաբերում էր հայկական ատոմակայանի հեղուկ ռադիոակտիվ թափոնների վնասազերծման նոր տեխնոլոգիային, որի շուրջ իր առաջարկությունները ներկայացրեց ԵՊՀ պրոֆ. Ռ.Գևորգյանը: Անդրադառնալով խնդրի կարևորությանը, պրոֆեսորն ընդգծեց, որ իր մշակած նոր տեխնոլոգիան բնական սորբենտների՝ հանքանյութերի օգնությամբ հնարավորություն կտա ֆիլտրել ատոմակայանի հեղուկ ռադիոակտիվ թափոնները՝ զգալիորեն նվազեցնելով վերջիններիս վնասը:
Հաջորդ հարցը պրոֆ. Ս. Նազարեթյանի <<Սպիտակի 1988թ. երկրաշարժի գոտու քաղաքների տարածքների սեյսմիկ վտանգը և ռիսկը>> մենագրության և ԵՊՀ պրոֆ. Ռ.Մինասյանի գրախոսականի ներկայացումն էր:
Անդրադառնալով գրքի հարուստ բովանդակությանը, Ս.Նազարեթյանը նշեց, որ այն ընդգրկում է վերջին 10 տարիների ընթացքում հավաքած արժեքավոր նյութերի վիճակագրությունը, որը ներկայացված է հատուկ սեյսմիկ սանդղակով: Հեղինակն առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել սեյսմակայուն շինարարության նորմերում: Մենագրության մեջ ներկայացվել է սեյսմիկ ռիսկի նվազեցման նոր մեթոդաբանություն, որի հիմքում ընկած է Սպիտակի երկրաշարժի ուսումնասիրված փորձը: Մշակվել և գնահատվել են ՀՀ փոքր քաղաքների սեյսմիկ ռիսկերը և կազմվել են սեյսմաշրջանացման քարտեզներ: Ռ.Մինասյանն իր գրախոսականում կարևորելով գրքի արժեքը` ասաց.
- Ներկայացված աշխատանքը սեյսմաբանական բնագավառում եզակի է: Իրոք այն կարևոր աշխատություն է՝ և՜ մեթոդաբանության, և՜ գործնական, կիրառական տեսակետից:
Խորհրդի կողմից քվեարկության արդյունքում որոշում ընդունվեց Ս. Նազարեթյանի աշխատանքը ներկայացնել պետական մրցանակի:
Նիստի վերջում սեյսմիկ ռեժիմի համառոտ վերլուծությամբ հանդես եկավ ՀՀ ԱԻՆ ՍՊԾ մասնագետ Ս.Մարգարյանը` անդրադառնալով օգոստոսին իրար հաջորդած 3 երկրաշարժերին:
Նիստի ավարտին գիտխորհրդի նախագահ, նախարար Ա. Երիցյանի կողմից տրվեցին հանձնարարականներ՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել քննարկված խնդիրների վերաբերյալ: