Նորություններ

Պաշտոնական

ԱԻՆ նվագախումբը 3 տարեկան է

10:00 / 21.06.2013

ՀՀ ԱԻՆ փողային նվագախումբը ստեղծվել է 2010 թ.` ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ: Նվագախմբի ղեկավար Մանվել Ութուջյանը, նախարարից հանձնարարական ստանալով, իր տեղակալի` Համլետ Ադամյանի հետ անցավ գործի։ Հավաքվեց երաժիշտների խումբ, երաժշտական գործիքներ, սկսվեցին փորձերը։ Ընդամենը մեկ ամիս անց Ա. Երիցյանին արդեն հրավիրեցին ներկա գտնվել նվագախմբի փորձին և ունկնդրել կատարումները։

Առաջին անգամ նվագախումբը ելույթ է ունեցել 2010 թ. օգոստոսին, մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում` Ճապոնիայի կառավարության նվիրած նոր հրշեջ-մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:
Ելույթները հաջորդում էին իրար` սեպտեմբերի 4-ին նշվող Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթներ ու հանդիսավոր նիստեր, պատվավոր հյուրերի ընդունելություն, Էրեբունի-Երևան տոնակատարություն, Հաղթանակի օր, Ամանոր, Մարտի 8, Մայրության և գեղեցկության տոն, Ռուսաստանի Դաշնության դեսպանատանն ԱԻՆ աշխատակիցների պարգևատրման արարողություն և այլն։
2011 թ. ապրիլի 7-ին ԱԻՆ նվագախումբը Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ, համերգային ծրագրով շնորհավորել է նախարարությունում աշխատող բոլոր կանանց և աղջիկներին:

Համերգով նվագախումբը հանդես է եկել Երկաթուղայինների օրվա կապակցությամբ Էրեբունի պուրակում հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի բացման արարողությանը:
Մայիսի 9-ին Սախարովի հրապարակում նվագախումբը ելույթ է ունեցել Հայրենական պատերազմի հաղթանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ:
Մայիսի 15-ին Գյումրիում անցկացվել է փողային նվագախմբերի փառատոն, և ԱԻՆ նվագախումբը հանդես է եկել որպես ցուցադրական նվագախումբ:
2011 թ. հուլիսին նվագախումբը մեծ համերգային ծրագրով ելույթ ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում` տոնելով իր հիմնադրման մեկ տարին:

Համերգային ծրագրով ելույթներ են եղել Սիրահարների այգում կազմակերպված «Պուշկինյան օրեր» խորագրով միջոցառմանը և «Գրքի մայրաքաղաք» տոնակատարությանը։
2011 թ. բարեգործական համերգներ են կազմակերպվել Խարբերդի և Մարի Իզմիրյան մանկատներում, իսկ 2012-ին` Նորքի տուն-ինտերնատում։
2012 թ. Լեռնային Ղարաբաղում անցկացված փողային նվագախմբերի փառատոնին ԱԻՆ նվագախումբը ևս ներկայացվել է որպես ցուցադրական նվագախումբ:
Նույն տարվա հունիսի 15-ին ՀՀ խորհրդանիշերի` դրոշի, զինանշանի և հիմնի օրվա առթիվ ելույթներով է հանդես եկել նաև ԱԻՆ նվագախումբը:
2013 թ. մայիսի 9-ին նվագախումբը պուրակում համերգային ծրագրով հանդես է եկել Հայրենական մեծ պատերազմի վետերանների համար, որտեղ ներկա էին նաև ռուս վետերաններ, որից հետո նույն օրը ևս մեկ համերգ է կայացել Դավթաշենի պուրակում:
Սլավոնական համալսարանը կազմակերպել էր Շուշիի ազատագրման և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի օրվան նվիրված համերգ, որին մասնակցել է ԱԻՆ նվագախումբը:

Հունիսի 24-ին Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում տեղի է ունենալու ՀՀ ԱԻՆ նվագախմբի 3-ամյակին նվիրված համերգ։
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում, որ ԱԻՆ փողային նվագախմբի կատարումները հնչեն միայն ուրախ առիթներով։

← Վերադառնալ ցուցակին