Նորություններ

Պաշտոնական

Արմեն Գեւորգյանն ընդունեց սփյուռքահայ գրող Վահան Զանոյանին

00:00 / 03.06.2013

ՀՀ փոխվարչապետ, Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց սփյուռքահայ գրող Վահան Զանոյանին, ով իր ստեղծագործություններում անդրադառնում է թրաֆիքինգի խնդրին: Նրա վերջին` "Հեռավոր մի տեղ" վեպի շնորհանդեսը տեղի էր ունեցել մայիսի 31-ին, Երեւանում:

Փոխվարչապետը նշեց, որ ծանոթ է գրողի գործին եւ շնորհակալություն հայտնեց խնդիրը բարձրացնելու, հանրության ուշադրությունն այդ երեւույթի եւ նրա զոհերի ճակատագրի վրա հրավիրելու համար: Նա նկատեց, որ գեղարվեստական ստեղծագործությունները հաճախ ավելի մեծ ազդեցություն են ունենում հանրության վրա եւ ավելի հասանելի են ներկայացնում խնդիրը, բացահայտում երեւույթի հետ կապված վտանգները:

Ա. Գեւորգյանն անդրադարձավ Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի կողմից վերջին տարիներին իրականացված եւ իրականացվելիք աշխատանքներին: Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մեծ նշանակություն են տալիս թրաֆիքինգի դեմ պայքարին, այդ ուղղությամբ տեսանելի արդյունքներ արձանագրվել են, սակայն քայլերը շարունակվում են: Այս տարի կառավարության կողմից հաստատվել է նաեւ "Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը", եւ այն իրականացնելու հարցում խորհուրդը համագործակցում է ինչպես միջազգային, այնպես էլ տեղական կազմակերպությունների հետ:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին թրաֆիքինգի դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման, հանրությանն այդ երեւույթի վտանգների մասին իրազեկելու, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ:

Հասարակայնության հետ կապերի բաժին
 

← Վերադառնալ ցուցակին