Նորություններ

Պաշտոնական

ԱՄԷ-ում փոխվարչապետի հանդիպումների օրակարգում երկկողմ համագործակցության խորացման հարցերն էին

00:00 / 06.11.2012

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 5-ին մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության խորացման հարցեր:

ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիի հետ հանդիպմանը քննարկվեցին երկկողմ առեւտրատնտեսական կապերի ակտիվացման, առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր:

Զրուցակիցներն արձանագրեցին, որ վերջին տարիներին զգալի քայլեր են արվել երկու երկրների միջեւ համագործակցությունը խորացնելու, դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղղությամբ: Երկուստեք սակայն ընդգծվեց, որ պետք է արվի ավելին` առկա ներուժի իրացման ուղղությամբ:

Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանն սկսել է ակտիվ աշխատել տարածաշրջանի մյուս երկրների հետ եւ մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ ձեւավորված արդյունավետ փոխգործակցության զարգացմանը: Նա ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է Հայաստան- ԱՄԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի գործունեության մեկնարկը` դիտարկելով հանձնաժողովի աշխատանքը որպես երկկողմ առեւտրատնտեսական կապերի ակտիվացմանը նպաստող բացառիկ հարթակ: "Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ԱՄԷ-ի հետ համագործակցության զարգացմանն ու խորացմանը, եւ մենք շահագրգռված ենք զարգացնել երկկողմ հարաբերությունները հատկապես առեւտրատնտեսական ու ներդրումային ոլորտներում: Հայաստանում ներդրումային լայն հնարավորություններ կան, որտեղ կցանկանայինք տեսնել ԱՄԷ-ին",-նշեց փոխվարչապետը: Ա. Գեւորգյանը միաժամանակ վերահաստատեց Հայաստան- ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի նիստը Երեւանում անցկացնելու հայկական կողմի պատրաստակամությունը:

Քննարկվեցին նաեւ երկրորդ գործարար համաժողովի անցկացման հետ կապված հարցեր: Նշելով 2010թ. Երեւանում անցկացված առաջին համաժողովի դրական փորձը` քննարկվեց երկրորդը Էմիրություններում կազմակերպելու հնարավորությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համաժողովը կազմակերպել ԱՄԷ-ում անցկացվելիք նմանատիպ միջազգային համաժողովների շրջանակում, ինչը հնարավորություն կտա հայ գործարարներին կապեր հաստատել ոչ միայն Էմիրությունների, այլ տարբեր երկրների գործընկերների հետ:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում իրականացվող տարածաշրջանային նշանակության ծրագրերի ընթացքի մասին. նշվեց, որ արդեն մեկնարկել են "Հյուսիս-հարավ" ճանապարհային միջանցքի, ուռուցքաբանության գերժամանակակից կենտրոնի ծրագրերը: Ակտիվություն է նկատվում զբոսաշրջության, գյուղմթերքի արտահանման, շինարարության ոլորտներում, եւ Հայաստանը պատրաստակամ է նշված ոլորտում փոխշահավետ ծրագրեր իրականացնել նաեւ ԱՄԷ-ի հետ: Այս համատեքստում նա ողջունելի համարեց "Մաջիդ ալ Ֆուտտեյմ" ընկերության մուտքը հայկական շուկա:

Կարեւորվեց նաեւ գործարար շփումների ակտիվացումը: Կողմերը նկատեցին, որ Էմիրությունների շուկան հայկական ապրանքների համար կարող է տարածաշրջանային շուկաներ մուտքի լավ հնարավորություն հանդիսանալ: Նշվեց, որ երկու երկրների միջեւ "FlyDubai" ավիաընկերության միջոցով ուղիղ ավիափոխադրումների իրականացումից հետո առաջընթաց է նկատվում ինչպես զբոսաշրջության ոլորտում, այնպես էլ առեւտրատնտեսական հարաբերություններում:

ԱՄԷ նախարարը նշեց, որ անցած տարի Հայաստանի պատվիրակության մասնակցությունը ԱՄԷ առաջին ամենամյա ներդրումային համաժողովին եւ դրա շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում հայկական տաղավարի առկայությունը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել արաբ գործարարների շրջանում, եւ նրանց կողմից փոխշահավետ նախագծերի իրականացման պատրաստակամություն է նկատվում: Քննարկվեց ԱՄԷ հաջորդ ամենամյա ներդրումային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցության հնարավորությունը:

ՀՀ փոխվարչապետի մյուս հանդիպումը ԱՄԷ շրջակա միջավայրի եւ ջրային հարցերի նախարար Ռաշիդ բին Ահմեդ Ֆահդի հետ էր: Նրա ղեկավարած գերատեսչությունը համակարգում է գյուղատնտեսության, բնապահպանության եւ ջրային պաշարների ոլորտներում աշխատանքները:

Կողմերը քննարկեցին համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձան ջրային պաշարների կառավարման ոլորտում հնարավոր փոխգործակցությանը:

Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանում ջրային պաշարների արդյունավետ կառավարման խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: Նա տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում խմելու ջրի կառավարման համակարգի մասին` միաժամանակ ընդգծելով, որ հետաքրքիր կլինի ուսումնասիրել այդ ոլորտում Էմիրությունների փորձը:

ԱՄԷ պաշտոնյան իր հերթին հայկական կողմին հրավիրեց մասնակցել գալիք տարի Աբու Դաբիում կայանալիք ջրային պաշարների կառավարման խնդիրներին նվիրված համաժողովին: Փոխվարչապետը դա լավ հնարավորություն համարեց փորձի, գիտելիքների փոխանակման եւ փոխգործակցության հարցերի քննարկման առումով:
Զրուցակիցները որպես հաջող գործակցության օրինակ նշեցին Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ "Արփա- Սեւան" թունելի վերականգնողական ծրագիրը:

Կողմերն անդրադարձան նաեւ գյուղատնտեսության, գյուղմթերքի արտահանման ոլորտում համագործակցությանը: Երկուստեք նշվեց, որ հայկական գյուղմթերքը, վերամշակող ձեռնարկությունների արտադրանքը մեծ պահանջարկ կարող են ունենալ ԱՄԷ շուկայի համար: Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանում ոչխարաբուծության զարգացման հեռանկարներին եւ մսամթերքի արտահանման հնարավորություններին:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում սննդի անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքների մասին` նշելով, որ արտահանվող սննդի որակի հետ կապված խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: Այդ ուղղությամբ համապատասխան ծրագրեր են մշակվել եւ իրականացվում Եվրամիության հետ:

Արձանագրվեց, որ Հայաստանից ներկայումս ԱՄէ արտահանվող գյուղմթերքը` հիմնականում սունկ եւ հատապտուղներ, հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանի այլ երկրների շուկաների համար, ինչպես նաեւ անհրաժեշտություն կա ավելացնել խմելու եւ հանքային ջրի արտահանման ծավալները: Զրուցակիցները քննարկեցին նաեւ բնապահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմել աշխատանքային խումբ` փոխադարձ հետաքրքրությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունները ուսումնասիրելու, կոնկրետ ծրագրեր մշակելու եւ առաջիկա ամիսներին կողմերին առաջարկելու համար:

Փոխվարչապետը ԱՄԷ շրջակա միջավայրի եւ ջրային հարցերի նախարարին հրավիրեց Հայաստան` համագործակցության հնարավորություններին տեղում ծանոթանալու համար:

Ա. Գեւորգյանը հանդիպումներ ունեցավ նաեւ հայաստանյան շուկայով հետաքրքրված Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

"Մաջիդ ալ Ֆուտտեյմ" ընկերության ղեկավարների հետ քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող նախագծերի հետ կապված հարցեր: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրեցին Հայաստանում գործունեությունն ընդլայնելու իրենց մտադրությունների, հեռանկարային ծրագրերի մասին: Նրանք մասնավորապես նշեցին, որ առաջիկայում Երեւանի "Դալմա" առեւտրային համալիրում նախատեսում են բացել աշխարհի մի շարք երկրներում գործող "Carrefour" ցանցի հիպերմարկետներից մեկը: Ընկերությունը ներկայումս բանակցություններ է վարում նաեւ Երեւանի Ավան թաղամասում արաբ սեփականատերից հողատարածք ձեռք բերելու ուղղությամբ` կառուցապատման խոշոր ծրագիր իրականացնելու եւ եւս մեկ հիպերմարկետ բացելու համար: Տեղեկացվեց, որ մինչեւ տարեվերջ ծրագիրը կներկայացվի ընկերության տնօրենների խորհրդի հաստատմանը:Ծրագրի ներդրումային արժեքը կազմելու է մոտ 150 մլն դոլար:

Փոխվարչապետը ողջունելի համարեց նրանց նախաձեռնությունները` նշելով, որ Հայաստանում առկա են ներդրումային լայն հնարավորություններ, եւ Հայաստանի իշխանությունները խրախուսում են տարբեր ոլորտներում միջազգային խոշոր կազմակերպությունների ներկայությունն ու գործունեությունը: Փոխվարչապետը ողջունելի համարեց "Carrefour"-ի մուտքը Հայաստան` նկատելով, որ աշխարհում հայտնի խոշոր ցանցը ոչ միայն նոր որակի ծառայություններ է մատուցելու Հայաստանում, այլեւ հնարավորություն է ստեղծվելու հայկական գյուղատնտեսական եւ վերամշակող արտադրանքը իրացնել աշխարհում` ցանցի հիպերմարկետների միջոցով:

"Մաջիդ ալ Ֆուտտեյմ"-ը Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում բազմաֆունկցիոնալ առեւտրային համալիրների, ժամանցային կենտրոնների շահագործման ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություն է: Ընկերությունը տարածաշրջանում համարվում է ֆրանսիական "Carrefour" հիպերմարկետների ցանցի արտոնագրային գործընկերը:

Փոխվարչապետը հանդիպում ունեցավ նաեւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում խոշորագույններից համարվող "Damac" ընկերության ներկայացուցիչների հետ: Ընկերությունը գործունեություն է ծավալում անշարժ գույքի, շինարարության, հյուրանոցային բիզնեսի ոլորտներում եւ հետաքրքրված է նաեւ հայաստանյան շուկայով ու ներդրումային հնարավորություններով:

Փոխվարչապետը տեղեկություններ ներկայացրեց ներդրումային դաշտի մասին` նշելով, որ հայկական կողմը հետաքրքրված է միջազգային լավագույն փորձի, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փոխշահավետ նախագծերով: Փոխվարչապետն առաջարկեց ուսումնասիրել նաեւ Հայաստանից Ծոցի երկրներ քարի արտահանման հնարավորությունները:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ընկերության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան` հնարավոր ներդրումային ծրագրերին տեղում ծանոթանալու համար:

Հասարակայնության հետ կապերի բաժին


 

← Վերադառնալ ցուցակին