Նորություններ

Պաշտոնական

Փոխվարչապետի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց

00:00 / 31.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ սիրիահայերի բնակարանային ապահովության խնդրին: Նախարարը մարզպետներին առաջարկեց տեղեկություններ ներկայացնել մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքներում վարձակալության հիմունքներով տրվող բնակարանների առկայության, ինչպես նաեւ համայնքներում թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում Սփյուռքի նախարարություն ներկայացնել պահանջվող տեղեկությունները, ինչպես նաեւ հաշվի առնելով սիրիահայերի մասնագիտական հմտությունները` քննարկել տեղերում աշխատանքով ապահովելու հնարավորությունները:

Խորհրդակցությանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց մարզերում հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերի ընթացքը: Նշվեց, որ պարարտանյութի բաշխման աշխատանքները մոտենում են ավարտին, ընթացքի մեջ է դիզվառելանյութի բաշխումը: Անդրադարձ եղավ նաեւ առաջին վերարտադրության սերմացուի դիմաց գյուղացիական տնտեսությունների կողմից պարտավորությունների կատարման ընթացքին ու ցուցանիշներին: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աջակցել Գյուղատնտեսության նախարարությունը ծրագրերի իրականացման հարցում:

Քննարկվեցին նաեւ մթերման գործընթացին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը նշեց, որ մթերող կազմակերպությունների կողմից վճարումների ուշացման խնդիրն այսօր համայնքապետերը բարձրացրել են Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ, եւ կարեւորեց բերքի դիմաց վճարումների կատարումը:

Անդրադարձ եղավ նաեւ համայնքային բյուջեների վրա 2013 թ. հունվարի 1-ից "Եկամտային հարկի մասին" ՀՀ օրենքի կիրարկման եւ նվազագույն աշխատավարձի դրույքաչափի փոփոխության ազդեցությանը: Ա.Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց աշխատել համայնքապետերի հետ, որպեսզի կատարված օրենսդրական փոփոխությունները հաշվի առնելով` համապատասխան հաշվարկներ կատարվեն եւ նախատեսվեն վճարման աղբյուրները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին