Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը

00:00 / 27.06.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ:

Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ բաղադրիչի եւ սոցիալական աջակցության ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր:

Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացվում է սոցիալական ինտեգրված ծառայությունների ներդրման գործընթացի շրջանակում: Ի. Դրաբեկը գոհունակություն հայտնեց, որ մարզերում արդեն առանձնացվել են ինտեգրված ծառայությունների մատուցման կենտրոնների տարածքները: Նշվեց, որ Արարատի մարզում իրականացվում են կենտրոնների շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ավարտելուն պես կմեկնարկի փորձնական ծրագիրը:

Ծրագրի հաջողության տեսակետից կարեւորվեց ինտեգրված սոցիալական ծառայությունների կենտրոնների համար գործառույթների մոդելի հստակեցման խնդիրը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը կքննարկվի շահագրգիռ մարմինների հետ, որից հետո գործառույթների մոդելի վերաբերյալ վերջնականացված նախագիծը կհաստատվի կառավարության կողմից:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ մարզերում ՀՍՆՀ-ի ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Փոխվարչապետը նշեց, որ առկա է նաեւ կառավարություն-համայնք-ՀՍՆՀ համագործակցություն, եւ առավել խոշոր ծրագրերը հաճախ հնարավոր է լինում իրագործել համատեղ ուժերով:

Քննարկվեցին նաեւ ծրագրերի հետ կապված ընթացակարգային հարցեր:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին