Նորություններ

Պաշտոնական

Քննարկվեց "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը

00:00 / 08.06.2012

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր Արդարադատության նախարարության, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվեց "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նախագիծը բխում է Հայաստանի կողմից ստորագրված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` Ուտրեխտի արձանագրությունից, ըստ որի սահմանվում է տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունք:

Ներկայացված նախագծով սահմանվում են տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցությունն ապահովող մեխանիզմներ: Մասնավորապես` քաղաքացիների նախաձեռնող խմբի միջոցով կարող են հարցեր ընդգրկվել համայնքի ավագանու նիստի օրակարգ: Բացի այդ, նախատեսվում է համայնքի համար կարեւոր նշանակություն ունեցող հարցերի` համայնքի զարգացման ծրագրերի, տարեկան բյուջեի կազմման, քաղաքաշինական հատակագծի, բնապահպանական խնդիրների հանրային քննարկման մեխանիզմի ներդրում` մինչ ավագանու նիստում այդ հարցերի ընդգրկումը:

Ա. Գեւորգյանն աշխատանքային խմբին առաջարկեց լրամշակել նախագիծը` հաշվի առնելով նաեւ ստացված առաջարկությունները եւ այն տեղադրել ՏԿՆ կայքէջում:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին