Նորություններ

Պաշտոնական

Ա. Գեւորգյանի պարզաբանումները` տեղական հարկերի ապառքների մասին օրենսդրական փաթեթի վերաբերյալ

00:00 / 01.06.2012

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի այսօրվա նիստում ամփոփվեցին ՏԿ փոխնախարարներ Վաչե Տերտերյանի եւ Արտաշես Բախշյանի` վերջին օրերին մարզերում անցկացրած խորհրդակցությունների արդյունքները: Նշվեց, որ հանդիպումների ժամանակ համայնքապետերի կողմից որոշ հարցադրումներ են բարձրացվել "Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին" օրենքի ու կից փոփոխությունների փաթեթի կիրառման հետ կապված:

Հիմնական հարցադրումները վերաբերել են օրենսդրական փաթեթով նախատեսված`մինչեւ 2008թ. տեղական հարկերի մասով ապառքների զրոյացման նախաձեռնության հետագա կրկնությանն ու այդ մոտեցմամբ պայմանավորված` բնակիչների կողմից հարկային պարտավորությունները չկատարելու մտահոգությանը, մինչեւ 2008թ-ը եղած ապառքները գանձելու հնարավորությանը, ինչպես նաեւ պարտաճանաչ հարկատուների նկատմամբ որոշակի անարդար իրավիճակի ստեղծմանը:

Վերը նշված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանը` մեկ անգամ եւս անդրադառնալով փաթեթի նպատակներին.

"Օրենսդրական այս փաթեթի ընդունման առիթը Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների նախաձեռնությունն էր` գույքահակի մասով արտոնություն սահմանելու մասին, այն նույն տրամաբանությամբ, որը եղել էր հողի հարկի դեպքում: Նախագծի այդ տեսքով ընդունման դեպքում հարկային վարչարարության առումով էական հարցեր չէին լուծվի եւ բարելավում չէր լինի, քանի որ այն ավելի շատ առնչվելու էր քաղաքային համայնքներին, ուստի հեղինակների հետ քննարկումների ժամանակ որոշվեց ավելի լայն փաթեթ նախապատրաստել, որով կլուծվեն ՏԻՄ համակարգի, ինչպես նաեւ բնակչության համար էական նշանակություն ունեցող հարցեր:

Սա փաթեթի ընդունման առաջին պատճառն էր, մյուսն այն էր, որ վերջին տարիներին կառավարությունը հարկային վարչարարությունն էականորեն բարելավելու քայլեր էր իրականացնում. արձանագրվեցին որոշակի հաջողություններ, տեղական հարկերի հավաքագրման մակարդակն էապես աճեց, բայց, այնուամենայնիվ, կային բազմաթիվ քաղաքացիներ եւ կազմակերպություններ, որոնք, հատկապես 2009-2010թթ. տնտեսական ճգնաժամի հետեւանքներով պայմանավորված, դժվարացել են կատարել իրենց հարկային պարտավորությունները: Ուստի նպատակահարմար համարվեց գտնել այն օրենսդրական մեխանիզմները, որոնք, պահպանելով արդարության սկզբունքը, նաեւ հնարավորություն կընձեռեին այդ քաղաքացիներին կատարել իրենց պարտավորությունները համայնքի առջեւ:

Այսպիսով, ծնվեց մի փաթեթ, որը բովանդակային առումով երեք մասից է բաղկացած. առաջինը վերաբերում է մինչեւ 2008թ-ը հողի հարկի եւ գույքահարկի գծով կուտակված ապառքներին: Ապառքների ճնշող մասը ձեւավորվել է 1996թ-ից սկսած մինչեւ 2003-2004 թվականները, ընդ որում` առաջին տարիներին վարչարարությամբ համայնքները չէին զբաղվում, բայց ապառքները հետագայում փոխանցվել եւ արտացոլվել են համայնքային բյուջեներում:

Փաթեթով ոչ թե արտոնություն է սահմանվում կամ հարկային համաներում իրականացվում, այլ բազաներից հանվում են անհուսալի ապառքները. ինչու անհուսալի, որովհետեւ փաթեթի ընդունման պահին գործող օրենսդրությամբ նախատեսված էր դատական հայցերի երեք տարվա վաղեմության ժամկետ: Այսինքն` սկսած 2012թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր համայնքի ղեկավար, ով կցանկանար օրինական, իրավական ճանապարհով գանձել մինչեւ 2008թ. կուտակված ապառքները, դրա հնարավորությունը չէր ունենալու:

Այս նախաձեռնությունը նաեւ կանխեց բազմաթիվ այն դեպքերը, երբ գանձումներն իրականացվում էին ոչ օրինական, շատ դեպքերում` ոչ պաշտոնական ճանապարհով` դրանով կախվածության մեջ դնելով սովորական քաղաքացուն համայնքային տարբեր կառույցներից եւ սահմանափակելով այդ կառույցների ծառայություններից օգտվելու նրա հնարավորությունները: Մյուսն այն է, որ համայնքային բյուջեներում ապառքները զրոյացվում են` հնարավորություն տալով ավելի ճշգրիտ կանխատեսումներ կատարել եւ իրատեսական բյուջեներ պլանավորել, ինչը նաեւ վերջին տարիներին բազմաթիվ համայնքների ղեկավարների ուղղակի խնդրանքն էր եւ դիմումը կառավարությանը:

Այսպիսով, առաջին մասով կառավարությունն առաջարկել է կարգավորել անհուսալի գումարների խնդիրը: Երկրորդ մասով նախատեսվում են որոշակի արտոնություններ 2008-2012թթ. համար այն նույն ձեւաչափով, ինչ մենք երկու անգամ իրականացրել ենք` 2009 եւ 2010 թվականներին "Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին" օրենքով. այսինքն, եթե այդ տարիների ընթացքում քաղաքացիները չեն կարողացել կատարել հարկային պարտավորությունները, ապա կարող են վճարել հարկերի մայր գումարը` ազատվելով տույժ-տուգանքների վճարումից: Իսկ որպեսզի չխախտվի արդարության սկզբունքն այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր նշված տարիներին նաեւ վճարել են տույժ-տուգանքները, ապա դրանք կհաշվանցվեն որպես ապագա հարկային վճարներ: Կցանկանայի քաղաքացիների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այդ արտոնություններից նրանք կարող են օգտվել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը: Ուստի առաջարկում եմ ժամանակ չկորցնել եւ օգտագործել ընձեռված հնարավորությունը:

Նախորդ նախաձեռնություններից սա տարբերվում է նրանով, որ եթե 2009 եւ 2010 թվականներին օրենքներն ընդունվել են միայն հողի հարկի մասով, ապա հիմա դա վերաբերում է նաեւ գույքահարկին: Այս արտոնություններից օգտվողների թիվը բավականին քիչ է լինելու, դրանք վերաբերելու են միայն նրանց, ովքեր ֆինանսապես ի վիճակի չեն եղել ճգնաժամի տարիներին իրենց պարտականությունները կատարել, քանի որ 2008թ-ից սկսած հետեւողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հասնել հավաքագրման բարձր մակարդակի: Այդ իմաստով անհասկանալի են անարդարությունների մասին գնահատականները, քանի որ նույն մոտեցումներով 2009 եւ 2010 թվականներին հողի հարկի արտոնությունների մասին օրենքներ են ընդունվել: Ի դեպ, այդ օրենքների կիրառման արդյունքում համայնքային բյուջեներում մուտքագրվել է 2,8 մլրդ դրամ կանխիկ գումար, բայց չի հաջողվել "մաքրել" 1996թ-ից կուտակված ապառքները, որոնք 2008թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել են 31,1 մլրդ դրամ:

Փոփոխությունների երրորդ բովանդակային մասը վերաբերում է տեղական հարկային վարչարարության բարելավմանը: Նախ, որպես փոփոխությունների հեղինակներ, գիտակցում էինք, որ նմանատիպ իրավիճակը կարող է կրկնվել ապագայում եւ նոր արտոնություններ սահմանող օրենքների ընդունման անհրաժեշտություն առաջանա: Միանշանակ կարող եմ ասել, որ նման քայլեր ՏԿ նախարարությունը չի նախաձեռնելու եւ դեմ է լինելու նման առաջարկությունների ընդունմանը` օրենսդրական նոր մոտեցումներ առաջարկելով: Դրանց թվում ամենաէականն այն է, որ տեղական հարկերի վճարումը պետք է լինի անխուսափելի: Այսինքն, եթե մինչեւ հիմա համայնքի ղեկավարը, դրսեւորելով ոչ պատասխանատու մոտեցում, երեք տարվա ընթացքում հարկերը չի գանձել եւ չի ձեռնարկել դրանք հավաքագրելու միջոցներ` իրավական տեսակետից դրանք դարձնելով անհուսալի, հիմա արդեն այս փաթեթով տեղական հարկերի մասով դատական հայցերի վաղեմության ժամկետը սահմանվել է տասը տարի: Սա նշանակում է, որ համայնքի ղեկավարը հարկային պարտավորություն առաջանալու պահից տասը տարվա ընթացքում կարող է իրավական ճանապարհով քաղաքացուց գանձել տեղական հարկերը:

Այսինքն, նման արտոնություններ սահմանելու իմաստ այլեւս չկա եւ ճիշտ է հարկերը վճարել տարվա ընթացքում, որպեսզի տույժեր ու տուգանքներ չհաշվարկվեն եւ բարդություններ չառաջանան:

Հաշվի առնելով, որ համայնքներում կարող է լինել բնակչության մի հատված, որը սոցիալական պայմաններից ելնելով չի կարողանում կատարել հարկային պարտավորությունները, օրենսդրական փաթեթով սահմանվել է, որ համայնքի ավագանին կարող է հողի հարկի տարեկան բյուջեի տասը տոկոսի չափով արտոնություններ սահմանել: Այս դրույթը նորություն է եւ մինչեւ հիմա գործել է միայն գույքահարկի մասով: Հասկանալի է, որ գույքահարկի մասով գյուղական համայնքներում ծավալներն այնքան էլ մեծ չեն, եւ տեղական բյուջեների հիմնական աղբյուրը հողի հարկն է: Կարծում եմ` սրանով ՏԻՄ-երին ոչ միայն հարկային, այլեւ հասցեական սոցիալական քաղաքականություն իրականացնելու իրական օրենսդրական հնարավորություն է տրվել:

Այսուհետ այն համայնքներում, որտեղ համայնքապետերը պատշաճ միջոցներ չեն իրականացնի տեղական հարկերի հավաքագրման ուղղությամբ, իրականացված ստուգումների արդյունքներում կազմված համապատասխան նյութերն անխուսափելիորեն փոխանցելու են իրավապահ մարմիններին` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Սա հատկապես ընդգծում եմ, քանի որ այն ահռելի ծավալի ապառքները, որոնք կուտակվել են մինչեւ 2008թ-ը, համայնքների ղեկավարների ոչ պատշաճ գործունեության արդյունք են:

Յուրաքանչյուր համայնքի ղեկավար պետք է գիտակցի, որ չհավաքելով տեղական հարկերը ոչ թե այսպես ասած "լավություն", այլ վատություն է անում իր ողջ համայնքին, քանի որ այդ հարկերը տեղական բյուջեի եկամտային աղբյուրներն են: Եվ նրանք պատասխանատվություն պետք է կրեն ստեղծվող իրավիճակի համար` հարկային վարչարարության տեսակետից: Սա կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ այս տարի համայնքների մեծ մասում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, եւ համայնքապետերը, բնակչության քվեն ստանալու համար, կարող են թուլացնել վարչարարությունը: Սակայն դա լինելու է ոչ թե ի շահ, այլ ի վնաս բնակիչների, քանի որ հաջորդ տարիներին նրանք ստիպված կլինեն ամբողջությամբ կատարել հարկային պարտավորությունները եւ ավելի շատ գումար վճարել` ներառյալ տույժ-տուգանքները: Այնպես որ, անկախ ամեն ինչից, առաջին հերթին հենց հարկատուի շահից է բխում հարկային պարտավորությունների ժամանակին կատարումը:

Այսպիսով, խորհուրդ ենք տալիս, որ առաջին` բնակիչները կատարեն ընթացիկ հարկային պարտավորությունները` հաջորդ տարիներին ավելի շատ գումար վճարելուց խուսափելու համար, իսկ սահմանված արտոնություններից կարող են օգտվել մինչեւ 2012թ. դեկտեմբերի 31-ը, երկրորդ` համայնքի ղեկավարները հույսը չդնեն պետական դոտացիայի վրա, այլ սեփական եկամուտները հավաքագրելու քայլեր ձեռնարկեն, երրորդ` տեղական հարկերի մասով արտոնություններ ՏԿ նախարարության կողմից այլեւս չեն նախաձեռնվելու, քանի որ արդեն ներդրվել են վարչարարության արդունավետ մեխանիզմներ եւ չորրորդ` այսուհետեւ մեծ ուշադրություն է դարձվելու համայնքների ղեկավարների պատասխանատվությանը` հարկային վարչարարության մասով":

Նիստում կոլեգիային ներկայացվեց նաեւ "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների նախագիծը, որով սահմանվում են տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության մեխանիզմներ: Ա. Գեւորգյանն առաջարկեց լրամշակել նախագիծը, ուսումնասիրել նաեւ միջազգային նույնատիպ փորձը, որից հետո կկազմակերպվի քննարկում` շահագրգիռ պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

"Հայաստանի ազգային արխիվ" ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը կոլեգիային ներկայացրեց կազմակերպության տարածքային ստորաբաժանումների օպտիմալացման 2012-2020թթ. ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է միավորել տարածքային ստորաբաժանումները` ելնելով գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, ժամանակակից տեխնիկական միջոցներով վերազինելու անհրաժեշտությունից: Ա. Գեւորգյանն առաջարկեց մեկամսյա ժամկետում լրամշակել փաստաթուղթը` ներկայացնելով համապատասխան վերլուծություն, ինչպես նաեւ հաշվի առնել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հասանելիության ապահովման հանգամանքը:

Հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

← Վերադառնալ ցուցակին