Նորություններ

Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

00:00 / 02.03.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Փոխվարչապետը շնորհավորեց դիվանագետին` առաքելության ստանձնման կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ բազմակողմ եւ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի: Նշելով, որ գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալում մի շարք ոլորտներում եւ, ամենակարեւորը, մարզերում` Ա. Գեւորգյանը հույս հայտնեց, որ այդ մոտեցումը կպահպանվի:

Նա նկատեց, որ վերջին տարիներին գրասենյակի հետ արդյունավետ համագործակցություն է արձանագրվել մասնավորապես մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում` թրաֆիքինգի դեմ պայքարի, միգրացիոն հարցերում, առանձնացրեց նաեւ մարզերում բնապահպանական` Օրհուսի կենտրոնների աշխատանքը:

Փոխվարչապետն իր եւ Տարածքային կառավարման նախարարության անունից պատրաստակամություն հայտնեց ամենայն աջակցություն ցուցաբերել գրասենյակին` իրականացվող ծրագրերի հարցում:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարն իր հերթին ընդգծեց, որ կանի առավելագույնը` համագործակցության բարձր մակարդակը պահպանելու համար: Նա նշեց, որ բացի իրականացվող ծրագրերից, հայկական կողմը կարող է նաեւ նոր նախագծերի վերաբերյալ գաղափարներ, առաջարկություններ ներկայացնել` ԵԱՀԿ ղեկավարության հետ քննարկելու համար: Ըստ դեսպանի` երկու կողմերի փոխգործակցությունն ուղղված է ընդհանուր նպատակի` տնտեսության զարգացմանը, ընտրական գործընթացների ժողովրդավարացմանը նպաստելուն, եւ այդ ուղղությամբ կատարված աշխատանքները տեսանելի են:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ ընտրական գործընթացներում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ նախատեսված աշխատանքների պատշաճ իրականացման, մի շարք այլ հարցերի շուրջ:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին