Նորություններ

Պաշտոնական

Տեղի ունեցավ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

00:00 / 07.12.2011

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ մարզպետների հետ հերթական խորհրդակցությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվեցին մարզերում պարարտանյութի ապահովմանը, գյուղտեխնիկայի, տոհմային անասնագլխաքանակի վճարունակ պահանջարկին եւ մատչելի պայմաններով դրանց ձեռքբերմանն առչնվող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց քննարկված հարցերի վերաբերյալ սեղմ ժամկետներում համապատասխան տեղեկատվություն ներկայացնել կառավարություն:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին համայնքային բյուջեների տասնմեկ ամսվա կատարողականի արդյունքները: Տեղեկացվեց, որ սեփական եկամուտների կատարողականը կազմել է 87, 4 տոկոս` նախորդ տարվա համեմատ աճը 2,8 տոկոս է կամ 514,5 մլն դրամ: Հողի հարկի կատարողականը կազմել է 88 տոկոս` նվազումը 4 տոկոս է, գույքահարկի կատարողականը 84,7 տոկոս է` նախորդ տարվա համեմատ 1,6 տոկոս աճով:

Փոխվարչապետը նշեց, որ վերջին շաբաթներին մարզպետարաններում անցկացված խորհրդակցությունների ժամանակ եկամուտների հավաքագրման ընթացքի վերլուծությունը ցույց է տվել, որ 2010թ. համեմատ 2011թ-ին հողի հարկի հավաքագրման նվազումը պայմանավորված է նախորդ տարիներին կիրառված "Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին" ՀՀ օրենքով, որը վերաբերում էր համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների նկատմամբ 2008 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հողի հարկի պարտավորություն ունեցող ֆիզիկական անձանց: Ըստ օրենքի` համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար հաշվարկված հողի հարկի գումարներն առանց տույժերի ու տուգանքների վճարած ֆիզիկական անձինք ազատվում էին մինչեւ 2008 թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված եւ չվճարված տույժերի ու տուգանքների վճարումից: Օրենքի կիրարկման արդյունքում 2010թ. հունվարի 1-ի դրությամբ համայնքային բյուջեներ է մուտքագրվել 1,7 մլրդ դրամ, արտոնված տույժերի եւ տուգանքների գումարը կազմել է մոտ 1,4 մլրդ դրամ, արտոնությունից օգտվել է 85 հազ. 351 քաղաքացի: 2010թ. հուլիսից մինչեւ 2011թ. հուլիսի 1-ը (երբ արտոնությունների ժամկետը երկարաձգվեց մինչեւ 2011թ. հուլիսը) համայնքային բյուջեներ է մուտքագրվել ավելի քան 1 մլրդ դրամ, արտոնված տույժերի եւ տուգանքների գումարը կազմել է 732,2 հազ. դրամ, օգտված քաղաքացիների թիվը` 44 հազ. 540 մարդ: Այսպիսով` օրենքի կիրարկման արդյունքում համայնքային բյուջեներ է մուտքագրվել ընդհանուր առմամբ 2,8 մլրդ դրամ:

Հաշվի առնելով, որ օրենքի կիրարկման արդյունքում իրատեսական եւ հավաքագրման ենթակա ապառքները զգալի նվազել են, փոխվարչապետն ընդգծեց, որ ավելի մեծ ուշադրություն է դարձվելու հողի հարկի ընթացիկ բազայի ապահովմանը, ինչը թույլ կտա հետագայում ապառքներ այլեւս չկուտակել:

Ա. Գեւորգյանը նշեց, որ վերլուծվել է նաեւ գույքահարկի հետ կապված իրավիճակը: Մի շարք համայնքներում արձանագրվել են հավաքագրման ուշացումներ` պայմանավորված ավտոմեքենաների տեխզննման նոր կարգի կիրառմամբ եւ տնտեսվարող սուբյեկտներից հաշվետվությունները տարեկան 4 անգամից 2 անգամ դարձնելու հանգամանքով: Փոխվարչապետը միաժամանակ ընդգծեց, որ պետական մարմինների հետ քաղաքացիների շփումները դյուրացնելուն ուղղված փոփոխությունները չպետք է ազդեն հավաքագրման գործընթացի վրա:

Անդրադարձ եղավ վերջին շրջանում կառավարության կողմից ընդունված` համայնքային բյուջեներ լրացուցիչ մուտքեր ապահովող որոշումների կիրառման ընթացքին: Նշվեց, որ 2011թ. թիվ 360-Ն եւ N1232-Ն որոշումների համաձայն` լեռնահանքային արդյունաբերության նպատակով օգտագործվող հողերի տարածագնահատման գոտիների փոփոխության արդյունքում վարձակալության պայմանագրերի վերակնքելուց հետո, ինչպես նաեւ 558-Ն որոշմամբ մարզերում փաստացի շահագործման փուլում գտնվող հանքավայրերին տրամադրված հողատարածքների նպատակային նշանակությունների` ընդերքօգտագործման նշանակության փոփոխության արդյունքում առանձին համայնքային բյուջեներ լրացուցիչ մուտքեր կլինեն: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց համապատասխան համայնքապետերին հորդորել ապահովել որոշումների կիրարկումը:

Տեղեկություններ ներկայացվեցին 2012թ. համայնքների բյուջեների կազմման գործընթացի մասին: Մարզպետները հայտնեցին, որ աշխատանքներն ընթացքում են: Ա. Գեւորգյանը կրկին հորդորեց մեթոդական եւ խորհրդատվական օգնություն ցուցաբերել համայնքներին, որպեսզի վերջիններս կարողանան մինչեւ դեկտեմբերի 14-ն ավարտել նախագծերի կազմման եւ հաստատման գործընթացն ու փաստաթղթերը ներկայացնեն ավագանու նիստերում:

Քննարկվեցին նաեւ տեղերում իրականացվող տարբեր ծրագրերին համայնքների համաֆինանսավորմանն առնչվող հարցեր: Փոխվարչապետը կարեւորեց համայնքների ֆինանսական մասնակցությունը Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի, համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության, գյուղական տարածքների տնտեսական զարգացման, ոռոգման համակարգի վերականգնման ծրագրերին, որոնք ուղղված են հենց համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը:

Խորհրդակցությանը ներկայացվեց համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքը: Համաձայն օրենսդրության` մինչեւ 2015թ. համայնքները պետք է ունենան գլխավոր հատակագծեր: Քաղաքաշինության փոխնախարար Ռ. Ալավերդյանը տեղեկություններ ներկայացրեց գործընթացի վերաբերյալ: Ա. Գեւորգյանը մարզպետներին հանձնարարեց հատակագծեր չունեցող համայնքի ղեկավարներին հորդորել բյուջեներում այդ նպատակով գումարներ նախատեսել եւ աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Անդրադարձ եղավ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ մարզերում միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման գործընթացին: Փոխվարչապետը հանձնարարեց այն մարզպետներին, որոնց մարզերում դեռեւս տարածքների հատկացման խնդիրներ կան, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ լուծումներ գտնել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ա. Ասատրյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ընտրված տարածքներում կմեկնարկեն վերանորոգման եւ վերազինման աշխատանքները:

Պաշտպանության փոխնախարար Ա. Նազարյանի մասնակցությամբ քննարկվեցին նաեւ մարզերում զորահավաքային գործընթացի հետ կապված հարցեր: Նշվեց, որ զորահավաքային մարմինները ձեւավորվել են, մարզետարաններում այդ խնդիրներով զբաղվելու համար առանձնացվել են քաղծառայողներ: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատանքները պահել ուշադրության կենտրոնում:

Զեկուցվեց նաեւ, որ մարզպետարաններն արդեն ապահովված են հաշվապահական հաշվառման արդիականացված ծրագրով, որը կկիրառվի 2012թ-ից: Հաջորդ տարվանից նաեւ մարզպետարանները գնումների գործընթացը կիրականացնեն էլեկտրոնային համակարգով:

Հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին